Սեւան քաղաքի Խաղաղության 8 հասցեում փողոցի կողմից առաջին մուտքի դիմաց գտնվող դիտահորը, և նաև գլխավոր դիտահորի մոտ փողոցն արդեն տեւական ժամանակ է, որ լցված է կոյուղաջրերով և կեղտաջրերով:
NEWS.am-ին բնակիչներն ահազանգում են, որ «Վեոլիա ջուր» ընկերությունից չեն արձագանքում բացարձակապես, միայն ասում են՝ հայտը գրանցված է ու վերջ։
«Տեղամասի Վեոլիան չի աշխատում բացարձակ, համայնքապետարանը նույնպես չի արձագանքում։ Կոյուղաջրերը լցված են բակում, ինչը վտանգավոր է թե դրսում խաղացող երեխաների համար, որոնք կարող են հիվանդություններ ձեռք բերել, թե հոտը խեղդում է:
Ոչ մի կառույց չի արձագանքում։ Դեռ այս պահին անձրևներ չկան, անձրևների ժամանակ կոյուղաջրերը լցվում են առաջին հարկերը, և տներից դուրս գալ հնարավոր չի լինում: Տաքսիները չեն մոտենում շենքին, ոտքով էլ չես կարող քայլել կեղտաջրերի միջով:
Համայնքապետարանից և մարզպետարանից ասում են, որ «Վեոլիա ջրի» պարտականությունն է և մի կողմ են քաշվում: Մինչդեռ գարշահոտությունն ու կեղտաջրերը ողողել են ամբողջ փողոցը»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեցին բնակիչները՝ հավաստիացնելով, ոևր իրենք վճարումները կանոնավոր կատարում են:












