Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է թիմի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելիի պահվածքին Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում (0:0):
Հիշեցնենք, որ հանդիպման ավելացված 5-րդ րոպեին մրցակցի պաշտպան Քոնոր Բրեդլին վնասվածք էր ստացել։ Մարտինելին, կարծելով, թե մրցակիցը սիմուլյացիայի է դիմում, փորձել էր նրան դուրս հրել խաղադաշտի սահմաններից։ Արդյունքում՝ Բրեդլիին խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով։
«Նրանք, ովքեր ճանաչում են Մարտինելիին, գիտեն, որ նա անչափ բարի և ընկերասեր տղա է։ Հավանաբար, նա պարզապես չի կողմնորոշվել, թե ինչ է կատարվում։
Ես կբացատրեմ իրավիճակը Քոնոր Բրեդլիին, որպեսզի նա ամեն ինչ ճիշտ հասկանա։ Գաբին, ամենայն հավանականությամբ, չի գիտակցել պահի լրջությունը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը։









