Foto

Թուրքան ու Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում և օղակն է՛լ ավելի են սեղմում

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո՝ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Անկարան հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատմանը։ Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ղեկավարը աջակցում է «հակամարտությունը կարգավորելու դրական միջոցներին»։

Այս հայտարարությունից հետո Թուրքիան, Հայաստանի ղեկավարությանն անհայտ պատճառով, փակում է իր երկրի օդը հայկական օդանավերի համար։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատճառները հայտնի չեն, բայց տեխնիկական են։

Էրդողանի հայտարարություններին, սակայն, հաջորդոց Բաքվի հաջորդ պահանջը՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Այսինքն, ոչ մի դրական քայլ՝ Ադրբեջանի կողմից, ավելին՝ ճնշումներն են մեծացնում։ Այսօր Բաքվի դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Ռաշիդ Բեգլարյանին, ում Ադրբեջանը հանցագործ համարեց և գողացավ Կարմիր խաչի աշխատակիցներից։ Գերիների դատավարությունները Բաքվի դատարաններում շարունակվում են, Արցախի ղեկավարությանն անմարդկային պայմաններում են պահում այնտեղ, հայ ռամագերիների մասին նույնիսկ տեղեկություններ չեն փոխանցվում, բայց պահանջում են միջազգային հայցերից հրաժարվել, Սահմանադրություն փոխել, սահմանազատման իրենց կանոններով առաջնորդվել և, թեթև շեղման դեպքում, հայտարարում են, որ հայկական կողմը չի ուզում խաղաղություն և իրենք էլ իրենց նպատակներին ստիպված պետք է հասնեն ռազմական ճանապարհով: Իսկ ՀՀ-ից կրկին պաշտոնական պատասխան չի հնչում։

Պահանջներն օր օրի  ավելանում են, ժամկետներն ու մեթոդները՝ խստացվում, իսկ հայկական կողմը ոչինչ էլ ձեռք չի բերում: Սեփական ժողովրդի ու միջազգային հանրության առջև միայն արդարանում են, որ Բաքուն օր օրի ավելին է պահանջում է, իսկ իրենք չեն կարողանում այդքանը կատարել։ Միջազգային հանրությունից աղերսում են Ալիևին ու Էրդողանին համոզել, ճնշել, որ «խաղաղության» պայմանագիրը կնքվի այսօր արդեն եղած պայաններով և պահանջներով։ Սա պարտված իշխանությանը տիպիկ քաղաքականություն է։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան