Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանը, որը նոյեմբերի 11-ին չի մասնակցել ավագանու նիստին, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Միրզոյանի բացակայությունը պայմանավորված էր ընտանեկան իրավիճակով։
«Նարեկի մոտ ընտանեկան խնդիր էր։ Կնոջ ինքնազգացողությունը գիշերը վատացել էր, և նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նարեկը, բնականաբար, պետք է գտնվեր կնոջ կողքին, ու այդ պատճառով չի կարողացել ներկայանալ նիստին»,- ասաց նա։
Գասպարյանի խոսքով՝ նույն օրը կեսօրին Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հանդիպելու Միրզոյանի ու նրա ընտանիքի հետ, զրուցել բժիշկների հետ։ Այդ ընթացքում Միրզոյանը Գրիգորյանին տեղեկացրել է, որ այս փուլում նպատակահարմար է համարում իր ամբողջ էներգիան և ժամանակը տրամադրել ընտանիքին։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 16:30-ին, նիստ կհրավիրի, որի ընթացքում կհրապարակվի, թե ով է լինելու խմբակցության հաջորդ թեկնածուն ցուցակի համաձայն։
Լուսանկարում Նարեկ Միրզոյանն է









