ՀՀ կառավարությունը երեկ որոշում կայացրեց` «Հայոց պատմություն»
առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ ««Հայաստանի պատմությունը»
պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ
«Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով»,-
հուլիսի 11-ին՝ կառավարության նիստում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի պատմություն» և
«Հայոց պատմություն» եզրույթների իր ընկալումը՝ պնդելով, որ իր այս ընկալումն արդեն
ընդունվում է հասարակության շրջանում։
«Մենք մեր ռազմավարության ու քաղաքականության հիմքում դնում ենք
պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Պետք է արձանագրեմ, որ պետությունը
բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը
բոլորովին ուրիշ հայեցակետ է, ու պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու,
որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ պետության ընկալումը բարձրացնելու նպատակ ունի այս որոշումը: «Ինձ
համար էլ էր անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային
սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է, այն «պետության» և «չպետության»
պատկերացումներն արտահայտող պատկերներ են, և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս
ամպլիտուդի մեջ է։ «Պետության» և «չպետության» միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և
այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, որը, պետք է խոստովանենք, երկար ժամանակ
կանխորոշել է մեր մտածողությունը, կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության
մեջ»։
Հետո էլ Փաշինյանը
եկավ այն համոզման, որ «պետք է ապահովենք տրանսֆորմացիան`
էմոցիաների ժողովրդից դեպի պետության ժողովուրդ»։
Կրթության փորձագետները,
պատմաբանները դեռ հանրային քննարկման փուլում բարձրացնում էին մի շարք խնդիրներ,
բացատրում թե ինչո՞ւ չի կարելի փոխել առարկայի անվանումն ու դրա բովանդակությունը։
Իրավական ակտերի տեղեկատվական
համակարգում հանրային քննարկման նախագծին դեմ է քվերարկել ավելին քան 12 000 քաղաքացի,
500-ից ավելի հիմանավոր կարծիք է գրվել, թե ինչո՞ւ են դեմ դրա փոփոխությանը և այլն։ Օրենքի
պահանջն է հաշվի նստել այս կարծիքների հետ, սակայն իշխանությունն էլի դիմեց «պողպատե
մանդատի» քաղաքականությանը և արեց այն, ինչ ցանկացավ։
Քաղաքական շրջանակներն
էլ խոսում և պնդում են, որ սա ևս պատվեր է, որը Նիկոլ Փաշինյանը ստացել է արտաքին ուժերից և
իրագործում է։ Իսկ ի՞նչ պատվեր է ստացել «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ
Սմբատ Հովհաննիսյանը, ով դասագրքում օգտագործվում
է «Անատոլիա» բառը: Արևմտյան Հայաստանը դառնում է Անատոլիա: Տարիներ առաջ նման տերմինաբանություն
Աբդուլ Համիդն էր հրամայել կիրառել: Ստացվում է ՝ սեպտեմբերից դպրոցներում դասավանդելու
են այնպես, ինչպես Աբդուլ Համիդն էր ցանկանում:









