Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Սանկտ Պետերբուրգի միջազգային երիտասարդական իրավաբանական համաժողովի ելույթում կողմ է արտահայտվել Ռուսաստանում նիկաբների արգելման գաղափարին, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Համաժողովի ացելուներից մեկը Բաստրիկինի հետ զրույցում նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների, մասնավորապես Ուզբեկստանի իշխանությունները արգելում են կրոնական հագուստ կրել, որը փակում է դեմքը, եւ նրանք, «ովքեր չեն կարող նիկաբ կրել այնտեղ, գալիս են այստեղ եւ կրում այն Ռուսաստանում»։ Նա հետաքրքրվել է ՌԴ ՔԿ ղեկավարից, թե հնարավոր է արդյոք, որ նման արգելք մտցվի Ռուսաստանում։
«Պետդումայի խնդիրն է՝ ընդունել օրենք, որն արգելի այն, ինչի մասին դուք խոսում եք։ Այնտեղ դա արգելված է, իսկ այստեղ թույլատրված։ Ինչո՞ւ։ Չգիտեմ, ես օրենսդիր չեմ։ Ես ձեզ հետ համաձայն եմ, պետք է շտապ արգելել դա»,- ասել է Բաստրիկինը՝ խոսելով փակ կրոնական հագուստի մասին։
Նրա խոսքով՝ վերջին հարձակումները եկեղեցու եւ սինագոգի դեմ Դաղստանում, ինչպես նաեւ Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում կատարել են իսլամիստները։ «Նրանք անգամ կարողացել են իրենց իսլամական ահաբեկչության դրոշը մտցնել մեր տարածք, ուստի Պետդուման պետք է շտապ արձագանքի այդ երեւույթներին»,- ասել է Բաստրիկինը։
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը հանրապետությունում ահաբեկչությունից հետո դեմ է արտահայտվել նիկաբին անվտանգության տեսակետից՝ նշելով, որ դրա տակ կարող են թաքնվել տղամարդիկ, իսկ կանայք՝ տեղափոխել արգելված իրեր։
2012թ. հիջաբ կրելու հետ կապված սկանդալ բռնկվեց Ստավրոպոլի երկրամասի դպրոցներում։ Այս գարնանը քննարկումները վերսկսվեցին նոր թափով։ Մասնավորապես, նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեեւը, մտորելով գործոնների մասին, որոնք բարձրացնում են ծայրահեղականության ռիսկը, հայտնել է, որ երկրում պետք է արգելել նիկաբ կրելը, իսկ Պետդումայի պատգամավորները «Նոր մարդիկ» եւ Կոմունիստական կուսակցություններից, պատրաստել են օրինագծեր, որոնք սահմանափակում են դեմքը ծածկող հագուստ կրելը։
Ռուսաստանի մուսուլմանների հոգեւոր վարչությունը տեղեկացրել է, որ պատրաստ է աջակցել մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին, եթե պաշտոնապես ապացուցվի նիկաբ կրելու կապը ծայրահեղականության ռիսկի աճի հետ։ ՆԳՆ-ում կոմունիստ պատգամավոր Միխայիլ Մատվեեւի հարցմանն ի պատասխան ապրիլին հայտնել են, որ «տեղեկություններ չունեն կրոնական հագուստի կրման եւ ծայրահեղական ուղղվածության հակաիրավական գործողությունների կատարման միջեւ պատճառահետեւանքային կապի մասին»։









