«Արդեն երրորդ տարին է՝ խոսում են իմ իրավաբան լինելու մասին, եւև ես չեմ կարծում, որ դա տեղին է: Այո, իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն
և այս տարիների ընթացքում իրականացնում եմ առողջապահության կազմակերպումը և իմ քաղաքական
պաշտոնը որևէ կապ չունի մասնագիտական գործունեության հետ»,- կառավարությունում լրագրողների
հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Լրագրողի դիտարկմանը՝
հիմա ինքը լավ իրավաբան է, թե լավ կազմակերպիչ, պատասխանեց՝ «լավ նախարար եմ»:
«Ես լավ տղա եմ» արտահայտությունը
«Մեր բակը» ֆիլմից Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի
կատարմամբ, հավանաբար, շատերն են հիշում։ Ֆիլմից հետո ակտուալ դարձավ այս արտահայտությունը,
ինչպես նաև դարձավ բակերում, փողոցներում ինքնահաստատվել ցանկացող երիտասարդների խոսույթի
մի մասը։ Հիմա էլ դեռհասության շրջանում «լավ տղա» լինել-չլինելը մնում է ակտուալ,
վիրավորվում են «դու լավ տղա չես» արտահայտությունից և դիմացին ստիպում են ասել, որ
իրենք «լավ տղա են»՝ դրանով իսկ ընդգծելով իրենց ես-ը։ Հոգեբանները նշում են, որ այդպես
են վարվում թերաժեքության զգացողություն ունեցողները, ովքեր ընտանիքում, ընկերների
կողմից սիրված չեն։ Սա թերևս վերաբերում է դեռհասներին, իսկ հասուն մարդու դեպքում՝
հոգեբանական խնդրի անունը՝ թերաժեքության բարդույթ է։
Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ ինքը «լավ նախարար
է»։ Սա ասում է մի պաշտոնյա, ում կառավարման ընթացքում 44 օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար
զոհված տղաների մարմինները գտան պարկերի մեջ, հատակին գցված։ Սահմռկեցուցիչ տեսարանից
հետո, նախարարն ասաց, որ համապատասխան պայմաններ չկային, ինքն էլ ներողություն է խնդրում
և վերջ։ Նկատենք, որ Ավանեսյանը 2018թ-ից եղել է առողջապահության նախարարի տեղակալ,
իսկ 2020թ-ից, երբ կորոնավիրուսը ներթափանցեց նաև Հայաստան, նախարարի առաջին տեղակալի
պաշտոնն էր զբաղեցնում։ Կովիդ 19-ի կանխարգելման, պատվաստանյութերի ձեռքբերման և կիրառման,
ինչպես նաև բուժառական գործընթացի գնահատականն
ամեն քաղաքացի ինքն իր համար ունի, քանի որ ողջ հասարակություն էլ գրեթե անցավ
այդ արհավիրքի միջով։ Միայն փաստենք, որ կորանավիրուսի բուժման, դեղորայքի ձեռքբերման,
պատվաստումների սերտիֆիկատների գնման վերաբերյալ մի շարք քրեական վարույթներ կան հարուցված։
Ինչևէ՝ «լավ նախարար» Անահիտ Ավանեսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջ քաշեց երեք
խոշոր առողջապահական ծրագիր՝ աԱռողջապահական համապարփակ ապահովագրություն, էլեկտրոնային
առողջապահություն, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսի պարտադիր կիրառման պահանջ և հայտնի՝
հանրային սննդի օբյեկտներում սեղանին առանց հաճախորդի պահանջի աղ դնելու մասին արգելքը։
Վերջինն, իհարկե, կարևորներից չէ, բայց ամենաքննարկվածն է։ Ինչպես կփաստի յուրաքանչյուր քաղաքացի, օրենքներից
ոչ մեկը կիրառելի չէ։ Առողջապահական ապահովագրությունը, որը մշակվել էր դեռ 2016թ-ից, իր փոփոխություններով նույնիսկ ԱԺ հանձնաժողով ներկայացնելու
վիճակում չէ, մյուսներն էլ պարզապես կիրառելի չեն։
Ամփոփելով՝ եթե Ավանեսյանը
«լավ նախարար է», ապա ինչպես է ստացվում, որ մշակված ոչ մի նախագիծ իր նպատակին չի
ծառայում, իսկ որն էլ, պաշտոնի և հանգամանքների բերումով, հանձնարարվում է իրեն, կարելի ասել՝ տապալվում է։ Անցայլ տարի նույնիսկ սպառված էին վիրավոր զինծառայողների բուժման նպատակով
տրամադրվող պետական պատվերի գումարները։