Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյուն Հանոյում հանդիպել է Վիետնամի պաշտպանության նախարար գեներալ Ֆան Վան Զիանգի հետ՝ քննարկելու երկու երկրների ռազմական համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների ամրապնդումը և ռազմավարական գործընկերության ձևավորման հնարավորությունները։ Կողմերը համաձայնության են եկել ձևավորել երկկողմ համագործակցության կայուն հիմք՝ ռազմական արդյունաբերության բնագավառում երկարաժամկետ փոխգործակցության նպատակով։
Գյորգյուն հանդիպումից հետո նշել է, որ Թուրքիան պատրաստ է կիսվել իր փորձով և զարգացնել համատեղ նախագծեր բարեկամ երկրների հետ՝ ընդգծելով, որ Վիետնամի հետ կառուցողական երկխոսությունը կարևոր քայլ է կայուն և երկարաժամկետ գործընկերության ուղղությամբ և որ իրենք շահագրգռված են այս համագործակցությունը տեխնոլոգիական և ռազմավարական մակարդակներում ամրապնդելու հարցում։
Հալուք Գյորգյուն հանդիպումներ է ունեցել նաև Վիետնամի պաշտպանության նախարարության Ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են համատեղ արտադրության մոդելների ստեղծման, տեխնոլոգիաների փոխանակման և համակարգային մոտեցումների իրականացման հնարավորությունները։
Այս այցը դիտարկվում է որպես Թուրքիայի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմական դիվանագիտությունը խորացնելու ջանքերի դրսևորում։