Foto

Աջափնյակի մետրոն պատրաստ է՝ հաջորդ կայարանը՝ «Սուրմալու»

Այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման մասին, նշել է․ «Պետական բյուջեով չենք ուզում, ուզում ենք մեր ֆինանսավորմամբ կառուցենք, և խնդրում եմ՝ շուտ անենք, էլ չի կարելի ձգել»։

Բոլորը կհիշեն, որ 2018թվականին, երբ «Իմ քայլը» դաշինքը ստանձնում էր մայրաքաղաքի իշխանությունը, նախընտրական ծրագրում հայտարարեց, որ կառուցվելու է մետրոյի «Աջափնյակ» կայարանը և Երևանի ճոպանուղին։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ իրեն չհաջողվեց, քանի որ շուտ պաշտոնանկ եղավ։

Մարությանին անվստահություն հայտնելուց հետո՝ Ավինյանը ստանձնեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը, սակայն դե ֆակտո կառավարում էր քաղաքը և հայտարարում, որ ՔՊ-ի թեկնածուն է։ Արտահերթ ընտրությունների ժամանակ Ավինյանի նախընտրական ծրագրում նույնպես ներառված էր մետրոյի կայարանի կառուցումը և Երևանի ճոպանուղու վերականգնումը։

Մի կերպ քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո ՔՊ թեկնածուն նիստ անցկացրեց, նշեց, որ հիշում է խոստումները, հայտարարեց, որ մրցույթները չեն կայանում, մի օր էլ  հանկարծ նկար հրապարակեց և ասաց, որ այդպիսին է լինելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը։ Բնականաբար, ոչ մի աշխատանք էլ չմեկնարկեց։ Հիմա արդեն «Սուրմալու» կայարանի մասին է խոսում և հայտարարում, որ պետբյուջեի հաշվին չի անելու: Հավանաբար նկատի ունի այլ ներդրումներ գտնելու հնարավորությունը։ Չգիտես ո՞ւմ, ո՞ր վարչությանն է հրահանգ տալիս՝ միջոցներ գտնել, կայարան կառուցել և թե ո՞վ է ձգձգում և ի՞նչ փուլում է այն։

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում «Սուրմալու» կայարանի կառուցման վերաբերյալ մրցույթի հայտարարություն չկա, բնականաբար՝ նաև ընթացքի մասին տեղեկություն։ Ստացվում է, որ սա հասարակության աչքին թոզ փչելու հերթական տրյուկն է։ Ի՞նչն են ձգում, ովքե՞ր, եթե նույնիսկ մրցույթ հայտարարելու մասին տեղեկություն չկա, հայտարարության տեքստը չեն գրո՞ւմ։ Երևանցին ո՛չ մետրոյի «Աջափնյակ» կայարանի հույս ունի, ոչ՛ նոր հրապարակ նետված «Սուրմալու» կայարանի, իսկ ճոպանուղու գործարկման մասին արդեն մոռացել է, քանզի ավագանու ընտրության նախօրեին Ավինյանի ու ՔՊ-ի կողքին, երևանցու փոխարեն, քայլում էին մարզերից Երևան բերված մադիկ, հնդիկներն էլ գոռւմ էին՝ «Ավինյան քաղաքապետ»։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան