Հիմա էլ ՀՅԴ Բելգիայի
կոմիտեն է մերժել հանդիպել
Զարեհ Սինանյանին: Սա սփյուռքի հարցերով
գլխավոր հանձնակատարի նկատմամբ մերժողական վերաբերմունքի առաջին դեպքը չէ: Ակնհայտ
է, որ Զարեհ Սինանյանի գործունեությունն բառացիորեն չի բխում արտերկրում ապրող մեր
հայրենայիցների բնական շահերից, իսկ հաճախ՝ նաև հակասում է դրանց: Արդեն տարօրինակ
էլ չէ, որ, համատարած մերժումի պայմաններում, Սինանյանի պաշտոնավարումը շարունակվում
է, ուղևորությունները, թեև ձախողվում են, սակայն չեն դադարում: Պատճառը մեկն է. ՀՀ
իշխանությունները ոչ թե ցանկանում են ամրապնդել ու զարգացնել սփյուռքի հետ հարաբերություններն
ու աշխատանքը, այլ՝ ամեն կերպ պառակտում են սփյուռքի կայացած կառուցները, փորձում են
վանել հայրենիքից, բացառել նրանց մասնակցությունը հայաստանյան իրողություններին, եթե,
իհարկե, խոսքը չի վերաբերվում փող տալուն: Բոլորովին վերջերս Սինանյանը մի հայտարարություն
արեց, որ հայրենադարձության հայեցակարգը կեղծ կատեգորիա է: Այսինքն Հայաստանի իշխանությունը
«հպարտանում է սփյուռքով, խոնարհվում է սփյուռքի առաջ» բացառապես հանուն դրամանիշների,
միայն տարածության վրա:
Համոզված եմ, որ ՀՀ իշխանության
վերաբերմունքից սփյուռքը չի «նիհարի», չի նեղվի: Բայս այս ամենի տակ այլ բացասական
միտում կա: Տասնամյակներ շարունակ սփյուռքի կազմակերպություններն ահռելի շնորհակալ
աշխատանք են կատարել իրենց երկրներում հայապահպանության, հայ դատի պաշտպանության համար:
Հայաստանի անկախացումից հետո էլ սփյուռքը հսկայական լոբիստական աշխատանք է տարել իրենց
երկրներում՝ Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահի ներկայացման, պաշտպանության
համար, լրջագույն աջակցություն է ցուցաբերել մեր դեսպանություններին, տարատեսակ ու
տարաբնույթ պաշտոնական պատվիրակություններին: Այսօր, երբ ՔՊ-ական իշխանությունը միջազգային
հարաբերություններում Հայաստանին փաստացի վերածել է այդ հարաբերությունների օբյեկտի՝
միայն թե կարողանա երկարաձգել իր պաշտոնավարումը, սփյուռքը կարող է խանգարիչ հանգամանք
լինել: Հենց այս տրամաբանությամբ է ՀՀ իշխանությունը վերաբերվում սփյուռքին: Սփյուռքի
նկատմամբ նրանց վերաբերմունքն այլ երկրների իշխանությունների մոտ կարող է նվազեցնել
այդ կազմակերպությունների վարկանիշը, որպեսզի
հանկարծ հակաքպական տրամադրություններ չգեներացվեն:
Նաև hենց այդպիսի գոյաբանական
վախն է պատճառը, որ Հայաստանի ներսում էլ վախենում են Արցախի բնակիչների հայկական անձնագրերը
ճանաչել որպես ՀՀ քաղաքացու անձնագիր:









