ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը
շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած
և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին՝ ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Նախագծով սահմանվում է, որ 27 տարին
լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի
ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել
6 ամիս ժամկետով՝ վճարելով 5 մլն
դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով՝ 10 մլն դրամի դիմաց, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց»,- նշեց Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։
Նա ասաց, որ, գործող կարգավորումներով, 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում. «Նրանք ունեն միայն մեկ
տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով։ Այս նախագիծը նպատակ ունի
այդ քաղաքացիներին տալ հնարավորություն՝ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու
դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից», - ասաց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորն ասաց, թե նախնական քննարկումների
արդյունքում պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին, սակայն, ՊՆ-ի պաշտոնական կարծիքը և առաջարկները
դեռևս չեն ստացվել։
Եթե 27 տարին լրացած անձինք չունեն
գումար՝ վճարելու և չծառայելու,
նրանք ուղղակի կարող են գալ՝ ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները: Այսինքն՝ նրանց համար վատթարացնող
պայման չի առաջարկվում, այլ լավարկվում են պայմանները, նրանք հնարավորություն
են ստանում ծառայելու: Նշեց պատգամավորը՝
դիտարկելով, որ նախագիծը հարուստի և աղքատի խնդիր չի առաջացնի։
Նմանատիպ հարցերով զբաղվող իրավաբան Տիգրան Սարգսյանը նկատում է․ «Սա վերադարձ է հնին,
ուղղակի վճարն է 3 անգամ թանկացել։ Մինչև 2019թ դեկտեմբերի 31-ը կար օրենք, որով
27 տարի լրացած քաղաքացին վճարում էր յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար որոշակի
գումար, որը կազմում էր մոտ 3-4 մլն դրամ և ազատվում քրեական պատասխանատվությունից։
Օրենքը գործում էր շատ վաղուց և ամեն տարի այն երկարացվում էր։ 2019թ դեկտեմբերի
31-ից այն չերկարացվեց»։
Քրեական պատասխանատվությունից հնարավոր է խուսափել նաև այն դեպքում, երբ քաղաքացին
ունի կամ զորակոչային տարիքում ունեցել է առողջական խնդիր։ Սարգսյանի խոսքում՝ զորակոչային
տարիքում հարուցվում է քրեական վարույթ, հայտարարվում է հետախուզում, հետո վարույթը
կասեցվում է։ Երբ քաղաքացին հայտանաբերվում է կամ ներկայանում է, վարույթը վերսկսելու
որոշում է կայացվում և նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն։ Եթե նախկինում կամ
տվայլ պահին անձն ունեցած է լինում առողջական խնդիր, ապա քրեական հետապնդումը դադարեցվում
է՝ հանցանք չկատարելու հիմքով։ Եթե առողջական որևէ խնդիր չի հայտնաբերվում, ապա անձը
ենթարկվում է քրեական պատասխանատվության՝ միչև 5 տարի ժամակետով։
Տիգրան Սարգսյանին հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ անձը պատիժը կրի կալանավայրում։
Թեև դատական պրակտիկան հարուստ չէ, սակայն սովորաբար կիրառվում է պայմանական ազատազրկում։
Մասնագետն այստեղ այլ խնդիր է տեսնում․ «Մեր հայրենակիցները, սովորաբար նշում են,
որ Հայաստան գալու մի քանի օր ժամանակ ունեն, քանի որ այլ երկրներում, աշխատանքով պայմանավորված, ծանրաբեռնվածություն ունեն։ Սակայն այստեղ փորձաքննությունը կարող է ամիսներ տևել, իսկ
եթե գործն արդեն դատարանում է՝ նույնիսկ տարիներ։ Այդ ընթացքում հանրապետությունը կրկին
լքել չեն կարողանում»։
Ստացվում է, որ վճարունակ քաղաքացին կկարողանա վճարել և խուսափել պատասխանատվությունից, հակառակ դեպքում՝ պետք է գնալ ծառայության կամ դատապարտվել։ Այսինքն, նախկին 3-4 մլն դրամի դրամաց հիմա պետբյուջե պետք է փոխանցել 15 մլն դրամ, որը շատերին հասու չէ, իսկ իշխանական պատգամավորը շարունակում է պնդել, որ սոցիալական անարդարություն չկա։ Տիգրան Սարգսյանն առաջարկում է խնդիրը լուծել համաներմամբ, որի համար պատրաստակամ է հանդիպումներ ունենալ և քննարկել դրանք կառավարության անդամների հետ։









