Foto

Ակնայից միայն մեկ՝ ռուսական բեռնատարի մուտքը թույլատրելով Արցախը հեռանկարային 4 խնդիր ընդգծեց

Առնվազն 24 ժամ անցել է, ինչ օկուպացված Ակնայից ռուսական Կարմիր Խաչի մեքենան՝ բեռնված ՌԴ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական օգնությամբ, մտել է Ստեփանակերտ։ Բերձորի (Լաչինի) միջանցքը դեռևս մնում է փակ, մինչդեռ, ըստ տեղեկատվական դաշտում երեկվանից տարածվող տեղեկությունների, առաջին մեքենան Ակնայից Արցախ մտնելուց 12 ժամ անց պետք է բացվեր Բերձորի միջանցքը։

Մեծ սպասելիքներ, որ Ադրբեջանը կատարելու էր այս պայմանավորվածությունը, չկային, քանի որ այդ երկրի ղեկավարությունը 2020թ․ նոյեմբերի 9-ից այս կողմ որևէ պայմանավորվածություն ու ստանձնած պարտավորություն չի կատարել։

Թե ռուսական կողմն ադրբեջանցիների հետ ինչ է քննարկում հիմա ու ինչպես է պատկերացնում Բերձորի միջանցքի ապաշրջափակումը, դժվար է ասել, բայց որ Ադրբեջանը լրջորեն վտանգում է խաղաղապահ առաքելության հեղինակությունը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։

Մի բան, ևս, ակնհայտ է․ «Ակնայի երթուղին» Արցախի իշխանության ու ժողովրդի համար կարմիր գիծ եղել ու շարունակում է մնալ։ Հարավից՝ օկուպացված Ակնայից անգամ ռուսական Կարմիր Խաչի մեքենան մեծ դժվարությամբ է կարողացել մտնել Արցախ։ Ընդ որում՝ Արցախի տարածք մուտք գործելուց առաջ ստուգվել են բեռները, որպեսզի բացառվի ադրբեջանական որևէ ապրանքի մուտքը։ Որքան էլ ադրբեջանցիները տեղեկատվական տիրույթում փորձում են տեղի ունեցածը ներկայացնել որպես «իրենց հաղթանակը», փաստը մնում է այն, որ ոչ ադրբեջանական անձնակազմ, ոչ ապրանք և ոչ էլ մեքենա, Ակնայից Արցախ չի մտել։

Էմոցինալ մակարդակում թվում է, թե սկզբունքայնությունը խախտել է Արցախը, բայց ուշադրություն դարձնելով արցախցի քաղաքական գործիչների դիտարկումների վրա, հետաքրքիր պատկեր է ստացվում։ Ռուսական Կարմիր Խաչի մեկ բեռնատարով, ըստ որոշ դիտարկումների, այսպես կոչված «Ակնայի երթուղի» չի գործարկվել, այլ հեռանկարային քայլ է արվել, որը մի քանի խնդիր է լուծում․

1․ աշխարհը համոզվում է, որ իրոք Արցախում հումանիտար աղետ է ստեղծել Ադրբեջանը՝ փակելով սնուցման միակ ուղին՝ Բերձորի միջանցքը,

2․ Հստակ երևում է, որ Արցախում Ադրբեջանը որևէ ազդեցություն չունի․ Արցախն ինքն է որոշում՝ ում մուտքը թողնի, ումը՝ ոչ (ադրբեջանական Կարմիր մահիկին կտրականապես մերժում են Արցախում),

3․ Արցախահայությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չնայած հումանիտար աղետալի վիճակին, բայց հային ցեղասպանող, էթնիկ զտում իրականացնող, իր հայրենիքն իրենից խլել փորձող ադրբեջանցուց որևէ բան չի ընդունում

4․ Ռուսաստանը ցույց տվեց, որ Արցախում իր դիրքերը զիջելու մտադրություն չունի և ցանկության դեպքում հարցեր է լուծում․ մնում է կոնկրետ քայլերի գնա նաև ու բացել տա Բերձորի միջանցքը, որն ի սկզբանե, ինչպես ամրագրված էր 2020թ․ նոյեմբերի հայտարարությամբ, պետք է վերահսկեր բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը։

Այն, որ արցախահայությունը կտրականապես դեմ էր Ակնայի կողմից առհասարակ որևէ մեքենայի մուտքը թույլ տալուն, տրամաբանական է։ Մարդիկ, որոնք 10 ամիս է զրկանքներ են կրում, շատ լավ իմանալով թշնամու նենգ լինելը, մտավախություն ունեն, որ այդ մեկ անգամով «մահվան դուռ»-ը տանող երթուղին կարող է չսահմանափակվել և ինչ որ պահի ադրբեջանական մեքենա կամ անձնակազմ մտնել Արցախ։

Մնում է հուսալ, որ Արցախի իշխանությունները մանրակրկիտ քննարկել են բոլոր հնարավոր զարգացումները և հստակ պատկերացնում են, թե ինչպես են վարվելու նման վտանգների դեպքում։ Ի վերջո, բոլորն այնտեղ շատ լավ են հասկանում, որ Ակնայից ճանապարհ չպետք է լինի դեպի Արցախ, քանի դեռ այն նորից չի ազատագրվել։ Ադրբեջանի ջանքերը՝ Բերձորի միջանցքի բացման համար նախապայմաններ պարտադրել Արցախին, ամեն կերպ պետք է ապարդյուն անցնեն։ Արցախի կյանքի ճանապարհն անցել և անցնում է Բերձորով․ որևէ այլ ճանապարհ որպես այլընտրանք կամ նախապայման, Արցախի համար ընդունելի չէ, հոծ կարմիր գիծ է։