Թուրքիան առաջարկել է Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար անվտանգության երկու առանձին միջանցք ստեղծել։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը։
Թերթի տեղեկություններով՝ ուկրաինական նավերի համար Անկարան առաջարկել է դեպի Բոսֆորի նեղուց տանող երթուղի՝ Ռումինիայի և Բուլղարիայի ափերի երկայնքով։ Ռուսական նավերը, թուրքական կողմի առաջարկի համաձայն, պետք է շարժվեն Վրաստանի և Թուրքիայի ափերի երկայնքով։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կողմերին էր փոխանցել նավերի վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։
Milliyet-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության նպատակն է պաշտպանել քաղաքացիական նավագնացությունը։ Այն նախատեսվում է իրականացնել 2022–2023 թվականներին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակում գործող հացահատիկային միջանցքի օրինակով։
Հոկտեմբերի սկզբին Սև ծովում մի քանի հարձակում է տեղի ունեցել առևտրային նավերի վրա։
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հոկտեմբերի 6-ին հայտնել է, որ երկրի բացառիկ տնտեսական գոտում օդային և ծովային անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել Տոգոյի դրոշի ներքո նավարկող Alfa Watan և Պալաուի դրոշի ներքո նավարկող Able չորաբեռնատար նավերին։ Առաջին նավը խորտակվել է, իսկ երկրորդում հրդեհ է բռնկվել։ Able-ի անձնակազմի բոլոր 18 անդամները, այդ թվում՝ Թուրքիայի 11 քաղաքացիները, տարհանվել են։
Նույն օրը Սև ծովի ափերի մոտ ծովային անօդաչու սարքերը հարձակվել են նաև «Աֆրամաքս Ռիո» լցանավի վրա, հայտնել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից։ Նավում հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հարձակման հետևանքների վերացման աշխատանքները համակարգելու նպատակով խորհրդակցություն է անցկացրել։









