«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես հեռու եմ այն մտքից, որ պատերազմն ավարտվել է։ ՀՀ-ն դեռ գտնվում է պատերազմական իրավիճակում ոչ միայն Ադրբեջանի, այլև ադրբեջանաթուրքական փոխգործակցված միության հետ։
- ՀՀ-ն ու Արցախը դարձել են պլացդարմ, որտեղ տեղի են ունենում մեծ երկրների ազգային շահերի բախումները, միմյանցից հաշիվներ են մաքրում։ Դրա մեղավորը ներկայիս իշխանություններն են։
- Ժամանակին մենք արագ Արևելքի և Արևմուտքի միջև բախման մեջ մեզ օգտագործելու դեմն առնում էինք։ Մենք միշտ ասել ենք, որ դա կարմիր գիծ է, և դա թույլ չենք տալու, որպեսզի այլ երկրներ այստեղ միմյանց հետ բախվեն:
- Մենք դե յուրե կադաստրի վկայական ստացած օբյեկտ ենք, բայց դե ֆակտո բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ դա այդպես չէ։
- Բոլորը հասկանում են՝ այսօր Ռուսաստանին երկրորդ ճակատ պետք չէ։
- Պուտին-Էրդողան հանդիպման հաջորդ օրը ռուսական կողմը վերսկսել է ռմբակոծել ուկրաինական Օդեսայի նավահանգիստներն ու ենթակառուցվածքները։ Սա նշանակում է, որ միջնորդական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Եթե պարզ ասենք՝ Թուրքիան հերթական անգամ «գցեց» Ռուսաստանին։ Եվ այն, որ մինչ այդ ռուսները Օդեսային գրեթե ձեռք չէին տալիս, դա ըստ իս՝ ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք էր։ Օդեսան թուրքերի համար շատ կարևոր է։ Բայց հաշվի առնելով, որ Թուրքիան խաբեց Ռուսաստանին, այդ պայմանավորվածությունը նույնպես չեղարկվեց։
- Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ եթե միջանցք, ապա այն մենք պետք է վերահսկենք։ Դրան դեմ են Թուրքիան, Ադրբեջանը և նրանց հետևում կանգնած աշխարհաքաղաքական ուժերը։ Աստված մի արասցե, եթե այդ միջանցքը եղավ, այն կդառնա գործիք ոչ միայն թուրքական ծրագրերի իրագործման, այլև ավելի խոշոր խաղերի համար: Այն կդառնա հակառուսական և հակաիրանական գործիք։
- Ինչո՞ւ հիմա Ֆրանսիան որոշեց այստեղ բացել ռազմական կցորդի գրասենյակ։ Վաղուց պետք է բացեին։

- Սյունիքում լարվածության ֆոնին բացվեցին Իրանի և Ռուսաստանի հյուպատոսությունները։ Կառաջարկեի, որ Ֆրանսիան դիտարկեր հենց Սյունիքում հյուպատոսություն բացելու հնարավորությունը, ինչով լրացուցիչ անգամ կապացուցեր Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իր հավատարմությունը։
- Տպավորություն է, որ Եվրոպական միությունում ցայտնոտային իրավիճակ է, որովհետև Արցախի հարցով արևմտյան վերջին բանակցությունները տեղի էին ունենում Բրյուսելում։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարծես թե խառնել է խաղաքարտերը։
- Շառլ Միշելի հայտարարությունը իմ ու իմ շատ գործընկերների համար անընդունելի էր։ Լաչինի միջանցքն ու Ակնայի ճանապարհը նա դրեց նույն նժարի վրա։ Բայց Շառլ Միշելն իր նախորդ հայտարարությունները փորձեց մաքրել մի նախադասությամբ, երբ ասաց՝ սրանք այն հարցերն են, որոնք քննարկվել են Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ։ Այսինքն՝ ասաց՝ սա ես չեմ ասում, մենք երեքով ենք ասում։
- Հնարավոր է, որ կամ Փաշինյանը, կամ Ալիևն ինչ-որ պայմանավորվածություններ չեն կատարել, և լարվածությունը դրա արդյունք է։
- Արտաքին քաղաքական վեկտո՞ր ենք փոխում։ Հեչ դրա ժամանակը չէ հիմա։ Հայ-ռուսական հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի՝ իտալացի լրագրողին տված մի հարցազրույցով չեն լարվել։
- Անվտանգության օրակարգը չի կարելի պայմանավորել միայն զենքով։
- Այո՛, զենքի մեծ մասը մեզ տվել է ՌԴ-ն, բայց երբևէ որևէ բան մեզ չի խոչընդոտել այլ երկրներից նույնպես զենք ձեռք բերել։
- Երբ եղել եմ դեսպան, իմ աշխատանքի հիմքում ընկած է եղել ՀՀ ազգային շահը։ Երբեք պրոեվրոպական կամ պրոռուսական տրամադրություններ իմ աշխատանքի ընթացքում չեն եղել։ Ամենահեշտ բանն է աշխարհաքաղաքական մի բևեռից կախված լինելը։ Իհարկե, դիվանագետների համար շատ աշխատանք, ռեսուրս է տանում մի բևեռից կախված չլինելը, բայց դա է պահանջում ՀՀ ազգային շահը։
- Մենք ազնիվ ենք եղել մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչը պակասում է այսօրվա կառավարությանը։
- Շատ անգամ, երբ որևէ երկիր ՌԴ-ի հետ խնդիր էր ունենում, որպես միջնորդի՝ դիմում էին մեզ։ Հիմա այդ բաժանարար գիծ մտցնելը երկու երկրների մեջ կարող է շատ վտանգավոր լինել։
- Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակը և միջազգային լարված դրությունը, մեզ համար բոլորովին ձեռնտու չէ կամ Արևմուտք, կամ Արևելք ընտրելը։ Ավելին, վտանգավոր է:
- Իհարկե, ՆԱՏՕ–ն չի ընդունի Հայաստանին։ Այդ «տեղեկատվության» աղբյուրը ոչ կառավարական հասարակական մի կազմակերպություն էր, ինչը ես անվանում եմ «դիվանագիտական մուտիլովկա»։
- Որևէ մեկը մեզ չի օգնելու, մենք ինքներս պետք է մեզ օգնենք։
- ՀԱՊԿ-ից դուրս գալու համար մեզ զե՞նք պիտի վաճառեն։ Մենք խաղաղություն ենք ուզո՞ւմ, թե՞ երկիրն ուզում ենք տանել նոր արկածախնդրության։ Որևէ երկիր Հայաստանին զենք տալիս պետք է դիտարկի՝ դա իր ազգային շահի հետ համընկնո՞ւմ է, թե՞ ոչ։ Երբ մենք որոշենք՝ ինչ ենք ուզում, զենքն էլ կլինի, եղած զենքն էլ մեր ազգային շահին կծառայի։
- Ես շատ կուզենայի, որ մենք մասնակցեինք թե Հայաստանում տեղի ունենալիք հայ-ամերիկյան զինավարժությանը, և թե ՀԱՊԿ-ի զինավարժությանը։
- Շատ վտանգավոր է, երբ մի երկրի անվտանգության օրակարգը կախված է մյուսից։










