Foto

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական երկու անօդաչու թռչող սարք Սև ծովում հարվածել է քաղաքացիական նավի, որը պատկանում էր Թուրքիային և տեղափոխում էր եգիպտացորեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հարձակումը տեղի է ունեցել չեզոք ջրերում։

Զելենսկու խոսքով՝ նավի վրա գտնվում էին Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ: Նավապետը զոհվել է, ևս մեկ անձի ճակատագիրը ներկայում պարզվում է: Փրկվել է անձնակազմի 11 անդամ, որոնցից մեկը վիրավոր է։

Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի՝ նավն Ուկրաինայի Իզմայիլի նավահանգստից ուղևորվում էր Իտալիա։ Նախնական տվյալներով՝ չորաբեռնատար նավի վրա հարձակումն իրականացվել է Ռումինիայի ափերից 20 ծովային մղոն (37 կմ) հեռավորության վրա։

Ռումինական լրատվամիջոցներն էլ գրում են, որ «Ռոյալ Մամեդով» բեռնատար նավը, որի վրա հրդեհ է բռնկվել, նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո: Ըստ ռումինական ԶԼՄ-ների՝ անձնակազմի երկու անդամ զոհվել է, նավապետը՝ վիրավորվել: Նշվում է, որ հրդեհը սկսվել է, երբ նավը գտնվում էր Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, սակայն երկրի բացառիկ տնտեսական գոտում։