Foto

Քննիչ հանձնաժողովի շոուն շարունակվում է


Այսօր, ինչպես նախապես գովազդում էին իշխանական բոլոր քարոզչական հարթակները, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրավիրվել էր 44-օրյա պատերազմի հանգմանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և պատասխանում էր հանձնաժողովի հարցերին (թվով 30 հարց)։ Որ Դավիթ Տոնոյանը կարող էր իշխանության կողմից պարտադրված լինել մասնակցել այս ֆարսին, գրեթե կասկած չի հարուցում, սակայն հարկավոր է նկատել, որ ՊՆ նախկին նախարարը բավականին կազմակերպված ու գծագրված կատարեց իր «ստանձնած» պարտավորությունները։ Իշխանություններն ամեն ինչ անում են 44 օրյա պատերազմի վերաբերյալ նոր միֆեր ստեղծել և հերթական տեսարանների չափաբաժին բաց թողնել հանրային տիրույթ։

Դավիթ Տոնոյանի խոսքում պարբերաբար՝ ելույթի սկզբից մի քանի անգամ, հնչող «պարոն վարչապետ» ձևակերպումն արդեն ակնարկում էր, թե ինչի հետ գործ ունենք: Նրա կողմից հնչեցրած շատ ձևակերպումներ ու պնդումներ ՔՊ-ականների և հանձնաժողովի կողմից բավական մարսելի ու տանելի էին։ Հավանաբար դա էր պատճառը, որ հարցուպատասխանի ընթացքում իշխանության ներկայացուցիչները բավական բարյացկամ էին Տոնոյանի անձի նկատմամբ, չհաշված Քոչարյան Անդրանիկի մի քանի, իբր թե, «կպնողական» կսմիթները։

Նախկին նախարարը փորձում էր լսարանի առաջ այնպիսի կերպար ստեղծել, որ այս ժամանակահատվածում ինքը գտնվել է բավական լարված ու ծանր հոգեբանական վիճակում: Տոնոյանի բովանդակային խոսքի հետ կապված՝ ռացիոնալ վերլուծություն անել դժվար կլինի, քանի որ փաստացի ոչ մի «սենսիացիոն» ու «ցնցող» արձանագրում ու սկանդալային տեղեկատվություն չստացանք։ Նույնիսկ որոշակի ինտրիգներ պարունակող հարցերի դեպքում, Տոնոյանի առաջարկությամբ, հարցի պատասխանը տեղափոխվում էր «փակ ռեժիմ», որտեղ, ինչպես հայտնի է, լրիվ տնավարի միջավայր է։

Հետաքրքիր է առանձնացնել, որ երբ խոսքը վերաբերվում էր ընդդիմության ներայացուցիչների մասնակցությանը, Տոնոյանը հորդորեց ընդդիմադիր խմբակցություններին՝ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, գալ, հարցեր տալ, լսել իր կողմից հնչող պատասխաններն ու մեկնաբանությունները։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե Դավիթ Տոնոյանն ի՞նչ էր ուզում ասել ընդդիմությանը, որ այդպես էլ չասեց, ի՞նչը նրան խանգարեց անել հայտարարություններ, որ ընդդիմության պարտադիր մասնակցություն էր ենթադրում։ Մինչև 2018 թվականը, երբ Տոնոյանը հարեց Փաշինյանի թիմին և ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հետ լավագույն հարաբերություններ ուներ, բայց արդեն նախարար եղած ժամանակահատվածում անում էր այնպիսի հայտարարություններ, որոնք իր նախկին գործընկերները, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունել: Մասնավորապես՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը ծնվել է Փաշինյանի, և ոչ թե նախկին իշխանությունների շրջանակում: Թերևս Դավիթ Տոնոյանը մոլորության մեջ է և չի պատկերացնում, թե ո՞վ է Նիկոլ Փաշինյանը և ինչպե՞ս է «շնորհակալություն» հայտնելու իր քաղաքական ընտանիքն առաջին իսկ առիթի դեպքում լքածի հետ: Չի բացառվում, որ նաև զղջում է, բայց «մի փոքր» ուշացել է։

Արմեն Հովասափյան