Foto

Լսեցինք միմյանց, կտեսնենք՝ ով ի՞նչ կանի և ի՞նչը չի անի․ Զոհրաբյանը՝ ՆԳ նախարարի և ոստիկանապետի հետ հանդիպման մասին

Շարունակվում է փաստաբանների երեկ մեկնարկած եռօրյա գործադուլը։  Փաստաբանները պալատի նախագահ Սիմոն Բաբայանի, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի գլխավորությամբ, երեկ երթով շարժվեցին դեպի ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականն, ինչպես նաև նրան Փաստաբանների ակումբի կողմից «փաստաբանության թշնամի» կոչումը հանձնելու համար։

Արա Զոհրաբյանին ու Սիմոն Բաբայանին ընդունեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն, ապա Զոհրաբյանը հայտարարեց, որ Վահե Ղազարյանը խոստացել է, որ այսուհետ ամեն ինչ անելու են, որպեսզի փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր չլինեն։ Զոհրաբյանն ասաց նաև, որ որոշվել է համատեղ հանձնախումբ ստեղծել, որում 3 ոստիկան և 3 փաստաբան պիտի ընդգրկված լինեն, և որի խնդիրը հնարավոր դեպքերին արագ արձագանքելն է։ Փաստաբանների մի մասն էլ ԲԴԽ-ի դիմաց պահանջեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը և 10 օր ժամանակ տվեցին դրա համար։ Թեմաների վերաբելյան Vesti.am-ը հարցեր է ուղղել Փաստաբանական ակադեմիայի նախագահ Արա Զոհրաբյանին։

-          Պարո՛ն Զոհրաբյան, բողոքի գործողությունների արձագանքն ինչպե՞ս եք գնահատում և արդյո՞ք երեկ ՆԳ նախարարի և ոստիկանապետի հետ հանդիպումը ձեր գործողությունների արդյուքն էր։

-          Երեկ տարբեր բողոքի գործողություններ տեղի ունեցան՝  ուղևորվեցինք ԵՄ դեսպանի մոտ, Դատախազություն, Ոստիկանության կետրոնական բաժին, ՆԳ նախարարություն և արդյունքն այն էր, որ պատկան մարմինները սկսեցին խնդիրը դիտարկել աչալրջությամբ։ Մենք ունեցանք դրական տեղաշարժ, մասանավորապես՝ ԱԱԾ քննչական մարմինը հստակ տեսավ խոշտանգման դեպքը, քրեական վարույթը տեղից  շարժվեց։ Տեսանք նաև ՆԳՆ նոր վերաբերմունքը, որը, կարծում եմ, նույնպես պայմանավորված է նրանով, որ իրենք էլ այդ փուլում տեսան, որ դեպքը տեղի է ունեցել և ոստիկանները բռնություն են կիրառել փաստաբանի նկատմամբ։

-          Երեկ նշեցիք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խոստացել է, որ ամեն ինչ անելու են, որ այլևս փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր չլինեն։ Եղած դեպքերը մինչ այժմ անպատիժ են, հիմա խոստմանն ինչպե՞ս եք հավատում։

-          Կա երկու քրեական վարույթ՝ մեկը փետրվարի գործով, որը քննչական կոմիտեի տիրույթում է և դրա մասով, այո՛, մենք ունենք անհանգստություն և դա բարձրաձայնել ենք այն առումով, որ գործը շատ դանդաղ է ընթացել: Դա բերել է նրան, որ տեղի է ունեցել երկրորդ դեպքը։ Անպատժելիության այս վիճակն որոշ ոստիկանների մոտ առաջացրել է նաև փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու ցանկություն կամ հնարավորություն։ Երկրորդ գործը քննում է ԱԱԾ քննչական ծառայությունը, որտեղ տեղաշարժ ունենք՝ մեղավորների պատասխանատվության հարցը քրեադատավարական տիրույթում քննարկվում է։ Այստեղ էլ ունենք ոստիկանության համակարգում իրավիճակի գնահատականի խնդիր։ Էրեբունի բաժնի նախորդ դեպքով ոստիկանների լիազորությունները դադարեցվել են, իսկ երկրորդ՝ Կենտրոնի բաժնի, դեպքով դա չունենք։ ՆԳ նախարարը հավաստիացրեց, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի և մեղավորների արարքներին կտրվի իրավական գնահատական։ Լսեցինք  միմյանց, կյանքը շարունակվում է, կտեսնենք՝ ով ի՞նչ կանի և ի՞նչը չի անի։

-          Նախորդ օրը փաստաբանի նկատմամբ բռնության դեպք գրանցվեց նաև Արցախում։ Կարելի է ենթադրել, որ շղթան շարունակվում և, եթե իրավպահ համարկարգում են խնդիրները լուծվում ոչ իրավական կարգով, ապա արդյո՞ք համակարգի նկատմամբ վստահության պակասի խնդիր չի առաջանում։

-          Արցախի դեպքի մասին հպանցիկ եմ լսել, ուստի զերծ կմնամ մեկնաբանելուց, բայց մենք արդեն հասել ենք մի վիճակի, երբ փաստաբաններ են բռնության ենթարկվում: Դա նշանակում է, որ ունեք լուրջ խնդիր, և դրանով է պայմանավորված փաստաբանների սուր ռեակցիան։

-          Ձեր պրակտիկայում, մինչ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի նկատմամբ բռնության դեպքը,  կհիշե՞ք նման դեպքեր, երբ փաստաբաններ են բռնության երթարկվել։

-          2000թ սկսած՝ ես չեմ լսել դեպք, որտեղ փաստաբանին ոստիկանները կամ քննիչները ծեծի ենթարկեն։ 2000թ առաջ այդ համայնքում չեմ եղել և հստակ չեմ կարող ասել։

-          Փաստաբանները նաև պահանջում էին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Այս պահանջը շարունակու՞մ է ուժի մեջ մնալ։

-          Ես այդ պահանջի մասով ներգրավված չեմ։ Իմ ներգրավվածությունը միայն ոստիկանների հետ է կապված։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան