Առավոտյան հայտնի դարձավ, որ ոստիկանության «Էրեբունի» բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել երկու փաստաբանի՝ Էմանուել Անանյանին և Մարզպետ Ավագյանին, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ: Ոստիկանները շրջափակել և հարվածել են փաստաբանների մամնի տարբեր հատվածներին: Այդ պահին փաստաբաններ Ավագյանը և Անանյանը ներկա են գտվել անչափահասի առերես հարցաքննությանը: Vesti.am-ը զրուցեց Էմանուել Անանայանի հետ, ով այդ պահին ուղևորվում էր դատաբժշկական փորձաքննություն անցնելու: Նշեց, որ մամնի վրա հարվածի հետքեր կան և առավոտյան Փաստաբանների պալատի նախագահի և գործընկերների ասուլիում հնչեցրած բոլոր մտքերի հետ համաձայն է: Այս պահին քննչական գործողություններ են ընթանում՝ ուստի ավելին ներկայացնել չի ցանկանում: Անդրադառնալով երևույթին՝ տուժած փաստաբանը մասնավորապես նշեց. «Ոստիկանների գործողություններն իմ կամ գործընկերոջս անձով պայմանվորված չէ: Այն ուղղված է ամբողջ փաստաբանական համայնքի գործունեության դեմ»:
Նկատենք, որ վաղ առավոտվանից փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց վրդովմունքն են արտահայտել երևույթի նկատմամբ: Փաստաբան Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «…Նշված ոստիկանները պետք է պատժվեն իրենց կատարած հանցագործության համար՝ անկախ նրանից, թե ինչ պատճառ կբերեն իրենց հանցագործությունը արդարացնելու համար:
Հայտնում եմ իմ սատարումը փաստաբաններին և պատրաստակամությունը աջակցել ցանկացած անհրաժեշտ եղանակով»:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշել է. «Խիստ բարկացած եմ՝ տեղեկանալով Էրեբունու բաժնում իմ գործընկեր երկու փաստաբանների՝ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին ծեծի ենթարկելու մասին։
Մարզպետին և Էմանուելին անձամբ չեմ ճանաչում, սակայն նրանց նկատմամբ բռնությունը ընդունում եմ որպես ոտնձգություն իմ ու մյուս բոլոր փաստաբանների, փաստաբանության ինստիտուտի նկատմամբ։
Գործընկերներիս հայտնում եմ սատարումս ու զորակցությունս»:
Երվանդ Վարոսյանն էլ նշում է, որ առանձնապես զարմացած չէ, ոստիկանների գործողություններից. «Ամենացավալին այն է, որ զարմացած չեմ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած աննախադեպ ոտնձգության փաստով։ Վերջին շրջանում ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում։ Արդյունք է նաև այդ համակարգը մեկ անձի իշխանության պահպանման, քաղաքական, տնտեսական, անձնական հարցերով հրահանգներ կատարող գործիքի վերածելու։
Փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած խայտառակ ոտնձգությունն ընդհանուր իրավիճակի անխուսափելի հետևանքներից է։
Ոտնձգության հեղինակները պետք է հանրության համար տեսանելի ու հստակ պատիժ ստանան, այլապես երևույթը կդառնա ամենօրյա սովորություն։
Պետք է բոլոր միջոցները ձեռնարկել նաև հարցը հրապարակային ու բացահայտ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ, թույլ չտալով նրանց շարունակելու արդեն գրեթե 5 տարի ձգվող «խորհրդավոր» լռությունը»: