502 փաստաբան պահանջում է, որ ոստիկանապետը ճանաչվի «փաստաբանության թշնամի»
Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ փաստաբանները ստորագրահավաք ենք սկսել։ 502 փաստաբան արդեն միացել են պահանջին, որպեսզի ոստիկանապետը ճանաչվի «փաստաբանության թշնամի»։
Ակցիայի մասնակիցները ակցիայով մոտեցել են ոստիկանությանը, որպեսզի հանձնեն 502 ստորագրությամբ սերտիֆիկատը։
««Փաստաբանության թշնամի» խորագրով հավաստագիր ենք հանձնում ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ, և, ցավոք, չի արձանագրվում պատշաճ գնահատական կատարվածի վերաբերյալ։ Երկար ժամանակ է անցել, որպեսզի ունենանք ադեկվատ գնահատական կատարվածի վերաբերյալ։ Առ այսօր ոստիկանական համակարգի կողմից այդ գնահատականն արձանագրված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Հիշեցնենք՝ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քաղաքացուն խոշտանգած ոստիկանների պաշտոնավարումը կասեցվել է։
Ոստիկանապետին «Փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին միացել է 502 փաստաբան։