Foto

Պետությունը չի աջակցում, բայց 14 երեխա ունեցող ծնողները շարունակելու են երեխաներ ունենալ (ֆոտոշարք)

Հայ ընտանիքներն այսօր հիմնականում չեն ձգտում շատ երեխաներ ունենալ: Ամենից շատ են հանդիպում մեկ, երկու երեխայով ընտանիքները: ՀՀ սոցիալական վիճակից ելնելով՝ մեծ խիզախություն է պետք 3-րդ երեխան ունենալու համար:

Ընտանիքի միջազգային օրվա առիթով, մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը Մարտիկ և Անժելա Մեքոնյանները՝ իրենց 13 զավակներով, հանդես էին գալիս մամլո ասուլիսով, որի ժամանակ բարձրաձայնում էին Հայաստանում ընտանիքների կայացմանը խանգարող հիմնական հանգամանքների մասին:

Ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը պատմում է, որ սկզբում իրենց բազմազավակ ընտանիքն ապրում էր 46 ք/մ տարածք ունեցող բնակարանում:

-Որ մտնում էիր տուն, ամբողջ տարածքով մեկ մահճակալներ էին շարված:

Պետությունը Մելքոնյանների ընտանիքին ամսական 100 հազար դրամ է հատկացնում՝ յուրաքանչյուր երեխային 7500-ական դրամ:

Ընտանիքի ավագ որդին այժմ մեկնել է արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա ինչ-որ բանով թեթևացնել իր ծնողների հոգսը:

Նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն ծառացած խնդիրներին լուծում չի տրվել:

-Շատ ենք դիմել, բայց ոչ մի օգնություն, ոչ մի աջակցություն: Բարեգործական կազմակերպությունն է ձեռք մեկնել մեր ընտանիքին՝ 20 տարի առանց տոկոսի  3 մլն դրամի վարկ տրամադրելով, և մենք մեր բնակտարածքը 50 ք/մ-ով  ավելացրեցինք:

Չնայած դժվարություններին, սոցիալական խնդիրներին Մարտիկն ու Անժելան որոշել են. «Աստված ինչքան երեխա պարգևի, այդքան էլ պետք է ունենանք»:

Հարցին, թե ինչն է ուժ տալիս նման քայլի գնալու համար, Մարտիկը պատասխանել է.

-Ծնողներս երեխա չեն ունեցել, ինձ որդեգրել են, երբ 1 տարեկան եմ եղել: 7 տարեկան էի, երբ հայրս մահացավ, շատ դժվարությամբ է մայրս ինձ մեծացրել: Հարազատ եղբայրս էլ մահացել է Արցախյան պատերազմում,- դրդապատճառներն է նշում ընտանիքի հայրը՝ հավելելով, որ այս քայլով իրենք հայ ազգի գենոֆոնդն են պահպանում:

Մելքոնյանների ամենակրտսեր, 14-րդ անդամը դեռևս 10 օրական է: Մարտիկն և Անժելան չեն բացառում, որ այս փոքրիկից հետո էլ դեռ երեխաներ կունենան։

Ասուլիսին ներկա էր նաև երգչուհի, միայնակ մայր Ալլա Նավասարդյանը, ով մեկ երեխա ունի, բայց նույնպես բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած.

-Երեխաս դեռ 8 ամսական է, բայց ես արդեն բավականին շատ պատնեշների եմ հանդիպել: Խնդիրներից մեկն էլ այն է, որ ո՛չ պոլիկլինիկաները, ո՛չ հիվանդանոցներն անվճար բուժում չեն տրամադրում երեխաներին: Մինչ երեխայի ծնվելը աշխատում էի, բայց հիմա չեմ կարողանում և՛ աշխատել, և՛ երեխա պահել,- պատմել է Նավասարդյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ ասել է, որ պետության կողմից կան ընտանիքների օգնության համար նախատեսված  որոշակի ծրագրեր, բայց դրանք բավարար չեն:

 Vesti.am