Foto

Զելենսկին ժամանել է Հռոմ՝ Հռոմի պապի եւ Իտալիայի վարչապետի հետ հանդիպման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ՝ բանակցելու համար Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։

«Այսօր Հռոմում եմ,- գրել է Զելենսկին Թվիթերում։- Հանդիպելու եմ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Ջորջիա Մելոնիի եւ Հռոմի պապի հետ։ Կարեւոր այց է Ուկրաինայի մոտեցող հաղթանակի համար»։

Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աջակցում է Ուկրաինային ռազմական եւ այլ օգնությամբ։ Բայց մինչ նրա ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը պաշտպանում է ազգային ինքնիշխանության սկզբունքը, Մելոնին ստիպված է դիմակայել կոալիցիայի երկու գործընկերներին, որոնք երկար տարիներ բացահայտ հայտարարում են, որ հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ Կոալիցիայի գծով դաշնակից, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պարծեցել է Պուտինի հետ իր բարեկամությամբ, իսկ կառավարության գծով մյուս գործընկերը՝ Լիգայի առաջնորդ Մաթեո Սալվինին, կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների արժեքավորությունը։

Մելոնին հանդիպել է Զելենսկու հետ Կիեւում, 2022թ. փետրվարի 24-ին պատերազմն սկսվելու տարելիցից մի փոքր առաջ։

Ֆրանցիսկոսը, որը խաղաղության է ձգտում, վերջին անգամ Ուկրաինայի նախագահին հանդիպել է 2020թ.։