Ոչ միայն Ռուսաստանը, այլն նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայվի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ սահմաններին ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելություն տեղակայելու հարցին։
«Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք եւ մեր մտահոգությունը, մեր ցանկությունը կամ մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ: Սա կարեւոր է եւ Հայաստանի համար, եւ ՀԱՊԿ-ի համար, սա կարեւոր է եւ տարածաշրջանի համար: Մենք այդ ուղղությամբ շարունակում ենք քննարկումները»,–ասաց նա: Փաշինյանը, համեմատական անցկացնելով ՀԱՊԿ–ի և ԵՄ–ի միջև, նշեց, որ ԵՄ–ի առաքելությունը ՀԱՊԿ–ի հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի։
«Եկեք ՀԱՊԿ–ը և Եվրամիությունը իրարից տարբերակենք։ ՀԱՊԿ–ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022 թվականին Ղազախստանի դեպքերի ժամանակ լիարժեք կատարել է»,–ասաց Փաշինյանը։
Հետևաբար, ըստ վարչապետի, Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ–ից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից։
Հարցին, թե գո՞հ է ԵՄ առաքելության աշխտանքից, Փաշինյանը պատասխանեց. «ԵՄ առաքելությունը երկարաժամկետ առաքելություն է, գործանականում երկու ամիս է, որ տեղակայվել է: Իմիջիայլոց, դեռ ամբողջությամբ չի տեղակայվել, այդ պրոցեսի մեջ է, ընթացքը կտեսնենք»:
Ինչ վերաբվերում է Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի վերաբերյալ ԵՄ հայտարարությանը, վարչապետն ասաց. «ԵՄ հայտարարությունը, որտեղ էմոցիոնալ առումով գնահատական չկար, բայց քաղաքական առումով շատ հստակ արձանագրում կար արված այն մասին, որ 1991-ի սահմանը պետք է պահպանվի եւ մենք համաձայն ենք դրա հետ: Սա շատ կարեւոր, ֆունդամենտալ գնահատական է: Սա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»:
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: