Foto

2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի եւ երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։ Սա նրա տոկունության եւ առաջնորդական հմտությունների վկայությունն է՝ նույնիսկ ամենավտանգավոր պայմաններում։

«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, եւ որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին»,- ասաց բժիշկ Էլթայեբը։ ««Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին եւ սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարեւոր են։ Սա հիշեցնում է այն մասին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել»։

«Մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ «Աշխարհում, որտեղ «ոչ մարդասիրությունը» հաճախ գերակշռում է վերնագրերում, բժիշկ Էլթայեբը հիշեցնում է մեզ այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, եւ յուրաքանչյուրս ունենք այն պահպանելու պարտավորություն»։

2025 թ․ դափնեկրի անունը հայտարարվեց «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ ապաստանի եւ կյանքը վերսկսելու խորհրդանիշ դարձած Էլիս կղզում՝ նշանավորելով «Ավրորայի» գործունեության տասնամյակը։

Բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես 2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ իր աշխատանքն ընդլայնելու եւ տեղում գործող մերօրյա հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու համար, որոնք իրենց հերթին օգնում են կարիքավոր համայնքներին։

«Չնայած անհավատալի վտանգին եւ զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ ««Ավրորայի» համար պատիվ է աջակցել նրա առաքելությանը եւ ներկայացնել նրանց տոկունությունը, ովքեր անցնում են հակամարտության միջով։ Բժիշկ Էլթայեբի անձնուրաց աշխատանքը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մարդկայնությունը կարող է հաղթել»։

2023 թ․ ապրիլից, երբ Սուդանում հակամարտությունը սրվեց, բժիշկ Էլթայեբն ստիպված էր գործել ռմբակոծությունների, ենթակառուցվածքների փլուզման եւ էլեկտրաէներգիայի ու բժշկական պարագաների, այդ թվում՝ անզգայացման միջոցների սուր սղության պայմաններում։ Նա ջանք չի խնայում, որպեսզի հարյուրավոր վիրավորներ, տեղահանվածներ եւ ծանր հիվանդներ շարունակեն ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա առաջնորդությամբ «Ալ Նաո» հիվանդանոցը դարձել է համայնքի փրկօղակը՝ մարմնավորելով տոկունություն, համերաշխություն եւ անդրդվելի նվիրվածություն՝ փրկելով մարդկանց կյանքն ամենածանր պայմաններում։

«Բժիշկ Էլթայեբը մերժում է անտարբերությունը՝ օրինակ դառնալով մյուսների համար»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Քլինթոն» հիմնադրամի եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը։ «Նրա նվիրվածությունը մարդասիրական գործին դրսեւորվում է ոչ միայն կյանքեր փրկելով, այլեւ համայնքի հանդեպ հոգատարությամբ եւ Սուդանի ամենակործանարար հակամարտություններից մեկի ժամանակ մարդկանց արժանապատվությունը պահպանելու ձգտումով»։

Մրցանակի շնորհման արարողությանն արժանին մատուցվեց նաեւ 2025 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներ Սալի Բեքերին, բժիշկ Զուհայր Լահնային եւ բժիշկ Ջիլ Սիմանին։