Արագած լեռան լանջին լեռնադահուկային ու էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի, կառավարության այսօրվա նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանի խոսքով՝ նախածգով 4400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկոգյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինիֆերմաներով, հյուրատներով։
«Կկառուցվի նաև 3 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն։ Կառուցվելու է նաև լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղիների 5 գծերով, մոտ 30 կիլոմետր սահուղիներով, կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ ու 104 հազար 920 քմ բակային ճանապարհ։ Ներդրումային ընդհանուր ծավալը կազմելու է 190 միլիոն դոլար»,- նշեց Քերոբյանը։
Նա ասաց, թե այս ծրագիրը դեռ 2018 թվականին է ներկայացվել քննարկման, 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, սակայն պատերազմի ու կորոնավիրուսի հետևանքով 2021-ի օգոստոսին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվել հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին։
«Աշխատանքը ներդրողների հետ հասել է տրամաբանական սկզբին, նախագծի հաստատման փուլին ենք հասել»,- ասաց նա։
Քերոբյանը կարևորեց ծրագրի սոցիալական նշանակությունը. այն տալու է «կայուն ու ինքնաբավ ապրելու միջավայր»։
Ծրագիրն իրականացնում է «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։









