Foto

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան: Դելիում Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մանրամասների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։

Նշվում է, որ հանդիպմանը պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հնդկաստան գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը հիմնված է  ընդհանուր ժողովրդավարական արժեքների, խորը տնտեսական և առևտրային հնարավորությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև ամուր անձնական կապերի վրա։

Պետքարտուղարը նախագահ Թրամփի անունից Մոդիին հրավիրել է Սպիտակ տուն։

«Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան և հաստատել է, որ ԱՄՆ էներգետիկ արտադրանքը ներուժ ունի դիվերսիֆիկացնելու Հնդկաստանի էներգետիկ մատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պաշտոնյաներն անդրադարձել են վերջին երկկողմ ձեռքբերումներին, այդ թվում՝ նշանակալի ներդրումներին, որոնց շնորհիվ ԱՄՆ նախագահի և Հնդկաստանի վարչապետի պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների միջև առևտուրը մինչև 2030 թվականը պետք է կրկնապատկվի։

ԱՄՆ Պետքարտուղարը և Հնդկաստանի վարչապետը համաձայնել են խորացնել առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցությունը և արագացնել կարևորագույն և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։