Հայաստանն ամեն գնով ջանում է հարաբերությունները
կարգավորել Թուրքիայի հետ՝ մատնանշելով տնտեսական հնարավորությունները, որ ունենալու
է Հայաստանը սահմանները բացելուց հետո: Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել
տնտեսագետ Սուրեն Փարսյանին:
-
Պարո՛ն Պարսյան, հայ- թուրքական հարաբերությունների
կարգավորումն ի՞նչ է տալու ՀՀ-ին: Մեր տնտեսությունն ունի՞ վաճառքի սեփական արտադրանք:
-
Նախորդ
30 տարվա ընթացքում Հայաստանը Թուրքիայի հետ չի ուենցել դիվանագիտական հարաբերություններ,
բայց առևտրային հարաբերությունները եղել են
և զարգացել են՝ մեծ քանակությամբ ապրանքներ են ներկրվել Հայաստան Վրաստանի տարածքով:
Սահմանի փակ լինելը որևէ խոչընդոտ չի եղել ապրանքների ներկրման համար: ՀՀ-ն տարեկան
1-1.5 մլն դոլարի ապրանք է կարողացել արտահանել իր փոքր հնարավորությամբ՝ չմշակված
զարդեր, կաշի, ժամացույցի իրեր և այլն: 2022թ-ին իրավիճակն էականորեն փոխվել է: 2021թ հունվարի 1-ից ներդրվեց թուրքական ապրանքի
ներմուծման արգելքը, որը մնաց թղթի վրա, քանի որ այլ երկրների անվան տակ, միևնույն է, ներմուծում լինում էր: 2022թ-ին այդ արգելքն էլ
հանվեց և արդեն 260 մլն դոլարի սահմաններում ապրանք ներկրվեց Հայաստան, իսկ Հայաստանն
էլ Թուրքիա արտահանեց 61մլն դոլարի ապրանք, որի 97 տոկոսը ոսկե ձուլակտորներն են, Հայաստանն
այստեղ հանդես է եկել վերավաճառողի դերում: Սա աննախադեպ արտահանում է: Գործող իշխանությունը
մեծ հույսեր է կապում հայ-թուրքական սահմանի բացման հետ՝ կանխատեսելով տնտեսական աննախադեպ
աճ: Իրականում, քաղաքական առումով, Թուրքիային հետաքրքիր չէ, որ հայկական տնտեսությունը
վերելք ապրի, զարգանա և այլն: Նրան ավելի հարմար է, որ կախված լինենք այլ երկրներից:
Չեմ կարծում, որ ցանկանում են մեծ նախագծեր իրականացնել Հայաստանում՝ նույնիսկ սահմանի
բացման պարագայում: Բաց սահմանի դեպքում էլ ՀՀ-ից արտահանումը չի ավելանալու՝ թուրքական
տնտեսության համար մենք չունենք այնպիսի արտադրանք, որը գայթակղիչ կլինի: Եթե Թուրքիական ապրանքների մեծ հոսք գա Հայաստան, հատկապես գյուղատնտեսական ապրանքներին է դա վերաբերում,
ապա մեծ վնաս կհասցվի մեր գյուղատնտեսությանը:
Չնայած կառավարությունը կարող է հայտարարել, որ գնում ենք հաշտեցման, սահմաններ ենք
բացում, բայց մարդկային մակարդակում այդ թշնամանքը կարող է դեռ երկար պահպանվել: Սահմանի
բացումը ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենալու: Այն մեզ պետք է միայն
որպես այլընտրանքային ճանապարհ՝ օրինակ Եվրոպա արտահանում իրականացնելիս: Արդեն գործարկվել
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը և այս առումով էլ Հայաստանը տարանցիկ լինել չի կարող:
-
Ի՞նչ է տալու մեզ Անիի կամուրջի վերագործարկումը,
որը մատնանշում էր Արարատ Միրզոյանը:
-
Սա ավելի
շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի: Այդ կամուրջով երկաթգծեր չեն կառուցվելու
և բեռնատարներ չեն երթևեկելու: Օրինակ հայերը կկարողանան այցելել Անի, կլինեն տուրիստական
հոսքեր: Թուրքիային այդ բացումը հետաքրքիր չէ, դրանով շահագրգռված է Հայսատանը և նրանք
փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով, զիջումներ կորզելու համար, մասնավորապես՝ Սյունիքի միջանցքը:
-
Ըստ մասնագետների՝ սահմանի բացմամբ վերականգնվում
է այսպես կաչված Մետաքսի ճանապարհը և կապը Չինաստանի հետ: Սա հնարավո՞ր է:
-
Մետաքսի
ճանապարհը՝ չինական կողմի մշակմամբ այդ տեղով չի էլ անցնում: Այդ հայտարարություններն
արվում են զուտ պատմական քարտեզներին նայելով: Անի կամուրջը չինական նախագծի մեջ չի
մտնում:
-
Եթե սահմանի բացումը տնտեսության մեջ էական
փոփոխություն չի ուենենալու, կարո՞ղ ենք ենթադրել, որ նպատակը տնտեսական չէ:
-
Անշուշտ, այստեղ կարևոր է քաղաքական և անվտանգային գործոնը: Այդ հարաբերությունների կարգավորումը
թույլ կտա նվազեցնել սպառնալիքները: Այդ տեսանկյունից բոլոր կառավարությունները քայլեր
են իրականացրել, բայց դա էլ որպես այդպիսին երաշխիք չէ: Հունաստանն էլ Թուրքիայի հետ
ուներ բաց սահման, սակայն դա չխանգարեց, որ Թուրքիան հարձակվի և Հյուսիսասյին Կիպրոսը
գրավի: Նույնը եղավ նաև Սիրիայի պարագայում: Կարևոր է նաև, որ Թուրքիան ներկրվող ապրանքների
նկատմամբ հատուկ սահմանափակումներ է կիրառում, ընդհուպ կարող է այս կամ այն ապրանքի
նկատմամաբ 48 տոկոս մաքսատուրք սահմանել: Այդ տեսանկյունից բավականին պաշտպանված է:
Էներգակիրներն էլ մոտ 10 անգամ ավելի մատչելի են, քան Հայաստանում: ՀՀ-ն տնտեսական
առումով չի կարող մրցակցել Թուրքիայի հետ: ՀՀ-ն Թուրքիային հետաքրքիր է միայն միջանցքի
առումով, որը կապահովի կապը թուրանական երկրների միջև: