Foto

Ստամբուլում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով՝ որոշ երկրների հյուպատոսություններ դադարեցրել են աշխատանքը

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Գործակալության տվյալներով՝ կենտրոնական Բեյօղլու թաղամասի հետիոտնային Իսթիքլալ փողոցում գտնվող Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսության ծառայությունները կտրամադրվեն առցանց։

«Բրիտանական գլխավոր հյուպատոսությունը ներկայումս փակ է հանրության համար՝ որպես նախազգուշական միջոց»,- ասվում է բրիտանական դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։

Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը նույնպես փետրվարի 1-ին ընդհատել է աշխատանքը։ Վիզայի և անձնագրային բոլոր հարցերը ժամանակավորապես կասեցված են։

Մինչ այս, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը երկուշաբթի՝ հունվարի 30-ին, զգուշացրել էր իր հայրենակիցներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։