Վերջին
մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան և արցախյան կառավարող շրջանակների միջև բավականին
խորքային հեռակա բանավեճի է ընթանում, ինչը ցավալի փաստ է։ Ըստ էության՝ բանավեճը,
բացի ընթացիկ քաղաքական իրողություններից, իր մեջ պարունակում է նաև աշխարհայացքային,
գաղափարական հակասություն, և դրանով հանդերձ՝ օգտակար է Արցախի, սպառնալիքի չափ վտանգավոր՝
Հայաստանի համար։ Այդ բանավեճի հիմքում լայն իմաստով ընկած է պայքարելու կամ հանձնվելու
երկընտրանքը։
Հիմա ըստ էության․ Արցախի իշխանությունները,
ի դեմս Անվտանգության խորհրդի ու նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից կրկնվող
հայտարարության, ընտրել է թեկուզև դժվար, բայց պայքարի, չհանձնվելու ճանապարհը, ինչը
Նիկոլ Փաշինյանը (ինչպես հստակ իր վերջին ասուլիսում ակնարկեց) որակում է՝ որպես արկածախնդրություն,
իրադրությունն է՛լ ավելի փակուղային դարձնող դիրքորոշում, ինչից ենթադրելի է, որ նա
չի ընդունում կամ սխալ է համարում Արցախի իշխանությունների վճռականությունը։ Եթե սա
ներկայացնենք մի փոքր ավելի պարզ, ապա Արցախի իշխանություններն այս դիլեմայում
ընտրում են պայքարը, Փաշինյանը՝ հանձնվելը։
Ակնհայտ է, որ այս գաղափարաբանական
մոտեցումներից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումները, հնարավոր է՝ Վարդանյանն այնքան
ճարտարաբար չկարողանա փաստարկել պայքարելու իր ընտրությունը, որքան Փաշինյանն իր պարտվողականությունը։ Այս դիրքորոշումները, սակայն, բացի քաղաքական հիմնավորումներից,
իրենց մեջ պարունակում են նաև վերքաղաքական, գործնական քաղաքականության չափումներից
դուրս գտնվող սուբստանցիաներ, որոնք պայմանականորեն կարելի է դասել ոչ նյութական, հոգևոր
տիրույթի որակների շարքին։ Ահա այդ հարթությունում, ընտրելով պայքարի ճանապարհը՝ Արցախը
ցուցաբերում է արժանապատվություն, կամք, այն դեպքում, երբ հակառակը՝ փաշինյանական մոտեցումն
անարժանապատիվ և թուլամորթ դիրքորոշում է։
Գաղտնիք չէ, որ քաղաքականությունը
ռեսուրսների, հնարավորությունների, կարողությունների պայքար է։ Բայց դրա բացարձակացումը,
քաղաքականությունը միայն օգտապաշտական, նյութական հարթություն տեղափոխելը մոտավորապես
նույնն է, ինչ մարդու պարագային սահմանափակվել միայն ֆիզիկական պահանջմունքների բավարարմամբ։
Եվ ահա, միայն նյութական արժեքներով մարդու հանգույն, հոգևորից զերծ քաղաքականությունը
մեխանիկական զբաղմունք է։ Անհոգի քաղաքականությունը չի կարող արժանապատվություն
ու հարգանք, հետևաբար՝ նաև արդյունք ապահովել, որովհետև անպատիվ արդյունքը ձախողումից
էլ վատ է։
Բոլորս ենք տեսնում, որ
մեկ ամսից ավելի, Արցախը՝ չունենալով նյութական ռեսուրսներ, ամեն ժամի հետ զրկվելով
դրանից, ցուցաբերում է պայքարի ավելացող կամք, այն դեպքում, երբ զուգահեռ իրականությունում
Հայաստանը քամում է պայքարելու վերջին կաթիլները՝ ամեն կերպ ցանկանալով նույնպիսի անդունդ
քաշել նաև Արցախին։ Վերջինը, փաստորեն, դիմադրում է ոչ միայն Ադրբեջանի շրջափակմանը,
այլև Հայաստանի կողմից անպայքար խորտակման տանող ճիգերին, ինչը, հնարավոր է՝ ավելի
դժվար պայքար է՝ դիմացինների ազգակից լինելու բերումով նաև։
Օրվա ողբերգական պատկերն
այն է, որ պայքարող Արցախն ու հանձնվող Հայաստանը մեր իրականության երկու հակադիր կողմերն
են, և ահա այդ պայքարից ավելի է կախված մեր լինելիությունը, քան անգամ թշնամական երկրների
հետ հակամարտության ելքից։ Որովհետև այս աննյութական պայքարում Արցախի ոչ մի արժեք
չեն ունենալու նաև այն նյութեղեն հաղթանակները, որ կարող են լինել նույնիսկ թշնամիներին
հաղթելու պարագային։ Ըստ էության՝ Հայաստանը հիմա վերածվել է միայն մարմնական հայրենիքի,
առանց հոգու։ Արցախը՝ ճիշտ հակառակը, ցույց է տալիս հոգի ու ոգեղենություն՝ չնայած
մարմնական հայրենիքի՝ ամեն օր խորացող թուլացմանն ու նրան ուղղված հարվածներին։
Արմեն Հովասափյան









