ՀՀ-ում շարունակվում է
ակտիվ աշխարհաքաղաքական ռևերանսների շրջափուլը․ միմյանց հաջորդելով՝ տարբեր գեոպոլիտիկ կենտրոնների ներկայացուցիչներ
այցելում են Երևան՝ սեփական շահերն ու մոտեցումները ներկայացնելու նպատակով։
Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի
7-ին Բրյուսելում ծրագրված էր անցկացնել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, ինչը տապալվեց
ադրբեջանական կողմի մի շարք անհասկանալի հայտարարությունների պատճառով։ Ահա այս տապալման
ֆոնին օրերս Հայաստան էր այցելել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝, Փաշինյան-Կլաար
հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորմանը, Արցախի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ
հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Փաշինյանն ընդգծել է, Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն, հետագա քննարկումների
կարևորությունը: Ի դեպ՝ Կլաարը հանդիպել էր նաև Արարատ Միրզոյանի հետ․ հանդիպման ժամանակ
մտքեր են
փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի
հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային
տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Ըստ էության՝ ԵՄ ներկայացուցիչը եկել էր Հայաստան՝ իրազեկվելու, թե ինչպիսին է լինելու բրյուսելյան միջնորդության ապագան, հաշվի առնելով, որ նախատեսվող հանդիպումը չկայացավ Երևանի նոր պայմանի պատճառով: Միաժամանակ ուշագրավն այն է, որ Մակրոնի մասնակցության պայմանի պատճառով փլվում է երկարատև ժամանակահատվածում ձևավորված ձևաչափը: Մամուլում, այդ թվում արտասահմայնան, տեսակետներ են շրջանառվում, որ հայկական կողմն ինչ-որ փուլում դժգոհ է մնացել ԵՄ միջնորդությունից և տարածաշրջանում ԵՄ դիրքավորումից և որոշել է այլ տարբերակ աշատեցնել: Հիմնականում շեշտադրվում է այն թեզը, որ ԵՄ-ն ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշում ունի և հավասարակշռության համար հարկավոր է եղել «Մակրոն» օպերացիան։
Բրյուսելյան հանդիպման ձախողումից հետո Պեսկովը խոսում է Սանկտ Պետերբուրգում պլանավորվող
հանդիպման մասին, իսկ դրանից առաջ Բիշքեկում է նախատեսվում Պուտին-Փաշինյան հանդիպում։
Չմոռանանք նաև, որ Ալիև-Պուտին ինտենսիվ կոնտակտներ եղան նաև նախորդ ամիս․ Պուտինը խոսեց հնարավոր «խաղաղության
պայմանագրի» մասին, դրանից հետո Լավրովն անդրադարձավ Պրահայի պայմանավորվածություններին,
ինչից հետո Ադրբեջանը նոր նախագիծ փոխանցեց Հայաստանին:
Ակնհայտ է, որ ոչ միայն
Կլաարի, այլև Ռիքերի այցն ուներ նույնպիսի նպատակ՝ նոր թափ հաղորդել արևմտյան բանակցային
ձևաչափին, սակայն դրանք չհաջողվեցին, քանի որ սեպտեմբերյան սրացումը կարծես լիովին
վարկաբեկեց Բրյուսելի՝ Միշելի, դերն ու միջնորդությունը: Տվյալ պարագայում ուշադրության
է արժանի այն հանգամանքը, որ Արևմուտքը՝ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը, Հարավային Կովկասը դիտարկում
են մեկ ամբողջություն՝ բոլոր խնդիրները և հարավկովկասյան բոլոր երկրներին դիտարկելով
մեկ զամբյուղում: Որպես ասվածի ապացույց՝ ընդգծենք, որ Ռիքերը, բացի Բաքու և Երևան
այցելելուց, եղավ նաև Թբիլիսիում, իսկ Կլաարը՝ նաև Ստամբուլում, քանի որ հայ-թուրքական
հարաբերությունները ևս Արևմտյան սեկտորը դիտարկում է այս նույն փաթեթում: Սակայն, եթե
Բրյուսելը վարկաբեկել է իրեն, ապա Վաշինգտոնը դեռ լուրջ խաղադրույքներով կոմբինացիաներ
է խաղարկելու հարավկովկասյան տարածաշրջանում:
Արմեն Հովասափյան









