Foto

Յամալի խոստումը ՉԼ-ից դուրս մնալուց հետո. երիտասարդ աստղը գրառում է կատարել

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի խաղարկությունից կատալոնական թիմի դուրս մնալու հաջորդ օրը սոցիալական ցանցերում ոգեշնչող ուղերձով է հանդես եկել։

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ ապրիլի 14-ին կայացած քառորդ եզրափակչի պատասխան խաղում «կապտանռնագույնները» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության էին հասել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ, սակայն հաջորդ փուլի ուղեգիր նվաճել էր մադրիդյան ակումբը, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր վերջիններիս հաղթանակով՝ 2-0 հաշվով։

«Մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը, սակայն դա բավարար չէր։ Սա պարզապես մեր ճանապարհի մի մասն է. գագաթին հասնելու համար պետք է մագլցել, և մենք հասկանում ենք, որ հեշտ չի լինելու, ոչ ոք մեր խնդիրը չի հեշտացնելու։ Սակայն հանձնվելը տարբերակ չէ։ Մենք հույսը չկորցնելու բազմաթիվ պատճառներ ունենք։ Յուրաքանչյուր սխալ մի նոր դաս է։ Կարող եք չկասկածել՝ մենք դասեր կքաղենք ամեն մի անհաջողությունից»,- գրել է Յամալը։

Ֆուտբոլիստը նաև վստահեցրել է երկրպագուներին, որ ակումբը կվերադարձնի իր երբեմնի փառքը. «Մենք «Բարսան» ենք և կվերադառնանք այնտեղ, որտեղ մեր իրական տեղն է: Ծնողներս ինձ սովորեցրել են միշտ պահել խոսքս: Մենք այն՝ Չեմպիոնների լիգայի գավաթը կվերադարձնենք Բարսելոնա»։

Նշենք, որ կատալոնական գրանդը վերջին անգամ Չեմպիոնների լիգայում հաղթանակ է տոնել 2015 թվականին։