Foto

25 հազար հոգու փրկելու համար հանձնվեց Շուշին, ո՞րն է 120 հազարի փրկության գինը

Արդեն 4-րդ օրն է, ինչ թշնամին փակ է պահում Լաչինի միջանցքը։ Արցախում հումանիտար աղետ է։ Հայկական երկրորդ հանրապետությունում դադարեցված է գազամատակարարումը, էլեկտրաէներգիան ժամանակ առ ժամանակ անջատում են, վառելիքի խնայողական ռեժիմի են անցել, բժշկական օգնության կարիք ունեցողները չեն կարողանում ՀՀ տեղափոխվել, կա դեղորայքի խնդիր, դպրոցներում դասերը դադարեցված են, 120 000 բնակիչ գտնվում է շրջափակման մեջ, ավելին քան 250 երեխա չի կարողանում վերադառնալ ծնողների մոտ և՛ այլն։ Իսկ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում իշխանության համար այլ օրակարգ ձևավորելու խնդիր կա, որովհետև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակում է իր և ամուսնու զբոսանքից, հաջորդ օրը կատվի հետ գիրք է ընթերցում, ինստագրամյան էջում՝ ինտիմ մոմավառության ներքո ֆուտբոլ է դիտում և այլն: Սա այն վարչապետի տիկին էր, ով 44 օրյա պատերազմին չէր կարողանում նստել տանը՝ մեկ գնում էր բունկեր, մեկ՝ մարտի դաշտ, իսկ հիմա այնքան էլ մտահոգված չէ, նույնիսկ Մեհրիբանին չի հրավիրում Լաչինի միջանցք։ Մարիամ Փաշինյանը՝ վարչապետական ընտանիքի ավագ դուստրը, ֆեյսբուքյան էջում կիսվում է մանկական եվրատեսիլյան ինչ-որ հոլովակով։ Աշոտ Փաշինյանի համար այս անգամ որևէ հատուկ դեր չեն ընտրել՝ ո՛չ գերիների փոխարեն Ադրբեջան են ուղարկում, ո՛չ գարեջուր վաճառելու, ո՛չ էլ Լաչինի միջանցքի բացման դիմաց են պատանդ հանձնում։

Այս ամենին զուգահեռ բավականին ազատ ժամանակ ունեն քննիչները։ Այն նույն քննիչները, ովքեր մշատպես բողոքում են գերծանրաբեռնվածությունից։ Բանն այն է, որ երեկ ընդդիմադիրների հավաքից առաջ ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառմամբ կատակել էր, թե կարելի է վառել գլխավոր տոնածառը՝ ինչի կապակցությամբ երեկ տոնածառը հսկում էին բազմաթիվ ոստիկաններ, որոնց քանակը միանգամայն կբավարարեր Լաչինի միջանցքի բացմանը։ Այսօր էլ Էմին-Տերյանին ոստիկանության Կենտրոնի բաժին են կաչել այս գրառման համար։ Քննչական կոմիտեն շարունակում է նախկինների նկատմամբ  քրեական վարույթներ հարուցել (մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյան)։  

Հիմա, թվում էր, թե վարչապետը, բացի Արցախում ստեղծված հումանիտար աղետի  խնդրով զբաղվելուց, ավելի կարևոր հարց չպետք է ունենար կարգավորելու, բայց հասցնում է ԿԳՄՍ նախարար փոխել, փոխվարչապետի ազատել, կադրային վերադասվորումներ անել։

Այս ամենը ոչ թե օրակարգային են, այլ հասարակությանը կրկին իրական օրակարգից շեղելուն են միտված։ Հարմար ժամանակ է կրկին արցախցիներ փրկելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը Շուշին հանձնում է, կապիտուլացիոն փաստաթուղթ է ստորագրում, որ 25 հազար շրջափակման մեջ գտնվող անձնաց փրկի, ապա 120 հազար քաղաքացու փրկելու համար Զանգեզուրի մի միջանցքն ի՞նչ է, որ չհանձնի։ Դրանից հետո նրան առնվազն թուրք կանվանեն, բայց ինքը դրանից չի վիրավորվում։ Իսկ հասարակությունը զբաղված է տոնական գնումներով, ֆուտբոլով, նախարարի փոփոխությամբ և կատվի հետ գրքի ընթերցանությամբ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան