Foto

Հայաստանի իշխանությունները կրկին չե՞ն կողմնորոշվում

Արցախի «կյանքի ճանապարհը», շուրջ երեք օր է, շարունակում է փակ մնալ՝ ադրբեջանցի կեղծ բնապահպանների ակցիայի պատճառով։ Զուգահեռաբար թիրախավորելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ ադրբեջանցիների կողմից նոր ուշագրավ թեզեր են դրվում շրջանառության մեջ՝ կանխորոշելով Արցախի շուրջ ապագա հնարավոր զարգացումները:

Արցախում փաստացի հումանիտար աղետի առկայության պարագայում, օրերս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ: Ըստ էության՝ Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին նա չի խոսել: Միայն նշել է, որ՝ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը պետք է դեկտեմբերի 19-ին իր գործունեությունն ավարտի։ Իր խոսքում եվրոպացի դիվանագետն ընդգծել է«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի»։

Արձանագրենք, որ չնայած այն փաստին, որ ԵՄ առաքելությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ տարածքում, այս մասին հայտարարությունը հենց այս փուլում ԵՄ-ի կողմից հստակ վերաբերմունքի դրսևորում է, քանի որ բացահայտ ակնարկ է արվում, որ թքած ունեն Արցախի հումանիտար բլոկադայի վրա։

Ադրբեջանի իշխանություններն այս օրերին աննախադեպ մեդիա-գրոհ են սկսել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի դեմ, մյուս կողմից՝ տեղում ակցիա իրականացնող ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպաններն» ամեն կերպ սադրում են խաղաղապահներին: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նախօրեին Պուտինը նախաձեռնեց հեռախոսազրույց Ալիևի, ապա Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանը չդադարեցրեց Լաչինի միջանցքի արգելափակումը: Հատկապես ուշագրավ է, որ մեր ԱԳՆ-ն թեմային անդրադարձավ շրջափակման մեկնարկից մեկ օր անց. «Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ ԱԽ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք ԼՂ (ուշադրության է արժանի այն, որ իշխանությունները կատեգորիկ հրաժարվել են և իրենց խոսույթից հանել են Արցախի հանրապետություն տերմինը) հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»:

Ի դեպ՝ օրերս նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ գրելով, որ ՄԱԿ ԱԽ-ի կողմից շտապ գործողությունների ժամանակն է: Սրան զուգահեռ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է մեծացնել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քանակը և առաքելությանը միջազգային կարգավիճակ շնորհել։

Ինչպես երևում է վերջին իրադարձությունների ընդհանուր պատկերից և ԱԳՆ շեշտադրումներից, որոնք ստանում են իշխանական պրոպագանդայի աջակցությունը և ակտիվորեն շրջանառվում նրանց կողմից, ՀՀ իշխանությունները բարձրացնելու են Արցախում խաղաղապահ առաքելության միջազգայնացման հարցը ՄԱԿ ԱԽ-ի միջոցով: Ի դեպ՝ փաշինյանական խունտան քանիցս հայտարարել է, որ իբրև թե բրյուսելյան բանակցություններից վերադարձել են բանակցությունների ռուսական դաշտ։ Բնավ պատահական չէ, որ այս մասին գրում է Մնացականյանը, ով հարցազրույցների փոխարեն թվիթերյան գրառումներ է սկսում անել, երբ ՀՀ իշխանությունները ցանկանում են ինչ-որ հակառուսական պրոյեկտ գլուխ բերել:

Արմեն Հովասափյան