Foto

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և Փրկարար ծառայությունը: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը.

«Սա պարզապես հերթական նախարարության ստեղծումը չէ: Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում»,-ասաց Արփինե Սարգսյանը:

Ստեղծվելիք նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաև «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Մասնավորապես, Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին` Ոստիկանության պետը: Անդրադառնալով պատգամավորների հարցերին` փոխնախարարը հայտնել է, որ վերոնշյալ կառույցների աշխատակիցների սոցիալական վիճակը փոփոխությունների արդյունքում չի վատանալու: