Foto

Ի՞նչ է փնտրում ՊՎԾ-ն ՊՆ-ում և ո՞վ է այդ ամեն կնքահայրը

Սուրեն Պապիկյանի դեմ ներթիմային արշավը շարունակվում է։ Մամուլը տևական ժամանակ գրում է, որ Սուրեն Պապիկյանին թիմից անջատելու փորձեր են արվում, երբեմն էլ ոչ արժանահավատ տեղեկություններ փոխանցում Նիկոլ Փաշինյանին։ Այս արշավի ետևում, ըստ տարածվող լուրերի, կանգնած է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո Քոչարյանը, կարելի է ասել, ղեկավարում է նաև Պաշտպանության նախարարությունը, նրա խոսքն ավելի արժեքավոր էր գլխավոր շտաբի համար, քան նախարարինը։ Այս ամենի հետ համաձայն է նաև «գլխավոր գերագույն հրամանատարը»։ Քոչարյանը նաև պաշտպանության ոլորտում ձևավորված բոլոր քննիչ հանձնաժողովների նախագահն է և սերտ համագործակցում է անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը պաշտպանության ոլորտը վստահել էր Քոչարյանին  և համակարծիք էր նրա բոլոր որոշումների հետ, բայց միչև այն պահը, երբ պաշտպանության նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը։ Բանն այն է, որ նախարարի այս թեկնածուին ընտրել է ոչ թե Քոչարյանը, այլ ՝ անձամբ Փաշինյանը։ Պապիկյանը պաշտպանության այն նախարարն է, ով ևս ուղիղ կապ ունի վարչապետի հետ, անձամբ հանդիպում է, խոսում նրա հետ, քննարկումներ ունենում, որի մասը Անդրանիկ Քոչարյանը չի կազմում։ Վերջինս գուցե հենց դա՞ չի հանդուրժում։

Պապիկյնաը մի անգամ արդեն վստահության խնդիր առաջացրել է, երբ հրապարակվեց իր և Էջմիածնի քաղաքապետի հետ հեռախոսազրույցը, որտեղ, իհարկե, Պապիկյանը հորդորում է իշխանության դեմ որևէ քայլ չանել, բայց նաև ընդունում է, որ համակարծիք է քաղաքապետի հետ և որ իրեն վարչապետի վարքը ևս դուր չի գալիս։ Սրանից հետո Պապիկյանը շարունակեց հավատարիմ մնալ՝ վարչապետն էլ նրան փորձեց մի քանի պաշտոններում և, որպես հավատարիմ, նրան ի վերջո տեղափոխեց ՊՆ։

Նախարարությունում չարաշահումների մասին տարբեր հրապարակումեր են լինում, մամուլի միջոցով փորձում են տարածել բանակում անկարգություների մասին լուրերը, ծառայակցի վրա կրակելու, վիրավորելու, սպանելու դեպքերի մասին խոսվում է թվերով, ինչը նախորդ 3 տարվա ընթացքում չի արվել։ Հիմա էլ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել ՊՆ-ում։ Ամենայն հավանականությամբ՝ դա Փաշինյանի հատուկ հանձնարարականն է։ Հատկապես ստուգում են, թե ի՞նչ է փոխվել և նախկինից պահպանվել Պապիկյանի նախարար նշանակվելուց հետո։ Ըստ երևույթի՝ Փաշինյանը չգիտի, թե ում վստահի՝ Անդրանիկ Քոչարյանի՞ն, թե՞ Սուրեն Պապիկյանին, ուստի որոշել է անձամբ համոզվել և Ռոմանոս Պետրոսյանին գործուղել է պաշտպանության նախարարություն։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան