Օրերս Երևանում տեղի ուենցած ՀԱՊԿ գագաթնաժողովը բավականին ինտրիգային հետևանքներ ունեցավ, ինչը պայմանավորված էր հայաստանյան իշխանությունների կողմից դրսևորած հերթական արհեստական և ակնհայտ հակառուսական տրամադրվածության դրսևորմամբ։ Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բացահայտել էր, թե այդ հանգամանքն ինչով է պայմանավորված։ Իր խոսքում ՀԱՊԿ քարտուղարն ասել է․ «Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին, ներառում է տարբեր միջոցառումներ՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»։ Զասի բնորոշմամբ՝ «միակ բանը, որը չի հաջողվել իրականացնել՝ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։
Ի դեպ՝ նախագիծի չստորագրման
վերաբերյալ հայկական կողմից մի շարք պարզաբանումներ էին ներկայացվել, ըստ որի՝ այն
բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ Նշվում էր նաև, թե հայկական կողմն ակնկալում
է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական
ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ նախագիծը չէր բավարարում
հայկական կողմին:
ՀԱՊԿ-ում ՀՀ իշխանությունների վերոնշյալ դիրքորոշումն այդքան էլ նորություն չէ, քանի որ դեռևս հոկտեմբերի 12-ին Աստանայում Միրզոյան-Լավրով հանդիպումն անցել էր բավական լարված մթնոլորտում, համապատասխանաբար՝ շեշտադրումներով, որոնցից ակնհայտ էր դառնում, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, որպես ռազմավարական գործընկեր, հարկավոր է Ադրբեջանի ագրեսիայի դատապարտում, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերին դուրս բերելուն ուղղված ճանապարհային քարտեզ: Այս ֆոնին հատկանշական է այն, որ մամուլում տեղեկությունն էին շրջանառվում, ի դեպ՝ բավական հավաստի աղբյուրների կողմից «արտահոսք» արված, որ իրականում առաջին անգամ ՀԱՊԿ-ն առանց Ադրբեջանին ուղղված ուղիղ դատապարտող ձևակերպումների պատրաստ է եղել հանդես գալ ի շահ Հայաստանի՝ տրամադրելով օգնություն այնքան, որքան ներկայումս ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանը կարող են:
Ընդհանուր առմամբ՝ պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որ ունի ՀԱՊԿ-ը: Այն երբեք չի եղել «միատարր», միասնական կազմակերպություն, այդ թվում՝ ՌԴ հանդեպ: Ռուսաստանը ևս ժամանակին բազմաթիվ մերժումներ է ստացել իր ՀԱՊԿ գործընկերներից, ու դա, գոնե հրապարակային դաշտում, չի շահարկվել՝ հավելյալ ռեպուտացիոն խնդիրներից խուսափելու նպատակով: Կարևոր է նաև այն, որ ՀԱՊԿ-ը, բացի հավաքական անվտանգային կառույց լինելուց, քաղաքական ու դիվանագիտական օրգան է, ուստի առաջնորդվում է նաև այդ հանգամանքից ելնելով, խնդիրները ձևակերպելով դիվանագիտորեն: Ներկայիս առանձնահատկությունների շարքում կարևոր է նաև ՌԴ միջազգային իրավիճակը և ավելի մեծ խոցելիությունը՝ նախկինի համեմատ:
Այն ինչ կատարվեց Երևանում, ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, հեղինակազրկելուն և Հայաստանի ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանից կտրելուն ուղղված հերթական քայլն էր, ինչը փաստացի ծառայեց իր այդ նպատակին: Փաստն այն է, որ ՀՀ իշխանություններն ավելորդ ժամանակ ու ջանք են վատնում ՀԱՊԿ-ի ուղղությամբ այդքան կենտրոնանալու վրա, որի նպատակադրումն, ըստ ամենայնի, անիմաստ ու անհասկանալի է թվում այն դեպքում, երբ պարզից էլ պարզ է, որ քաղաքական գնահատականն իրենով որևէ խնդիր չի լուծում։ Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ում կան Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներ, որոնց համար բարդ է այդ ճանապարհը: Դժվար ու բարդ է ասել, թե ինչ պատրանքներ ունեն ՀՀ իշխանությունները, այն էլ՝ հիմա, երբ աշխարհը խառնված է, բոլոր երկրները՝ զգուշավոր, խուսափելով անկայունություններից: Բանն այն է, որ ցանկացած քայլ անելուց համար պետությունները հաշվարկում են ոչ միայն անձնական շահերը, այլև՝ աշխարհաքաղաքական։
Արմեն Հովասափյան









