Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո’չ կառավարությունը, ո’չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։
«Ազատություն» ռադիոկայանը գրավոր դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ իրենց կողմից ի՞նչ գնառաջարկ է ներկայացվել ՀԷՑ-ի բաժնետոմսերի դիմաց, ի՞նչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը, որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի շուկայական արժեքը։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ ՀԷՑ-ը տասնյամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։ Հետագայում ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ «քննարկումներ են ընթանում ու հավելյալ տեղեկատվություն այդ մասով հաղորդել չեն կարող»։ Այնինչ գնառաջարկի շուրջ քննարկումներն այս փուլում ավարտվել են փետրվարի 17-ին, երբ ՏԿԵՆ նախարարը ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման համար առաջարկել է 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ՀԷՑ-ին պիտի վերադարձնի 23 մլրդ 158 միլիոնը։
«Ազատություն»-ը նաև գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։









