Foto

Ձևաչափի փոփոխության տրամաբանությունը

Այս օրերին էլ ավելի շատ է խոսվում առաջիկայում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի և, այդ ֆոնին, Արցախ-Ադրբեջան հնարավոր բանակցությունների ձևաչափի ու միջազգային միջնորդության փաստի մասին։ Իրադարձությունների ընթացքը փաստում է, որ Արցախի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափի հարցում կողմերի միջև ակնհայտ առկա է ընկալումների տարբերություն։

Ինչպես հայտնի է օրերս Իլհամ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է խոսել Արցախի հայերի հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության մասին։ «Եթե նրանք (արցախցիները) ցանկանում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել հայերի հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք դրան պատրաստ ենք, այդ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել էր նա։ Ի պատասխան Ալիևի՝ Ռուբեն Վարդանյանը նշել էր, որ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: «Ողջունում եմ նաև միջազգային միջնորդության միջոցով ուղղակի բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը։ Ֆրանսիան, որի Սենատը վերջերս բանաձև ընդունեց ԼՂ ճանաչման մասին, պետք է լինի միջազգային միջնորդների թվում՝ ՌԴ և ԱՄՆ-ի հետ միասին»,- ասել էր Վարդանյանը:

Ըստ էության, ցանկացած բանակցություն, այն էլ Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ, դրական է: Ինչպես հայտնի է՝ միջազգային դիվանագիտության մեջ ընդունված է ասել, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան դրա բացակայությունը:

Այնուհանդերձ կարևոր է շեշտել, որ փաստացի այստեղ կա ընկալումների միջև տարբերություն: Ադրբեջանական կողմը մերժում է Հայաստանի մասնակցությունը, չի կարելի բացառել, որ մերժում է նաև միջազգային մասնակցությունը․ փաստացի միջազգային միջնորդությունից այս պահի դրությամբ շատ քչերն են խոսում: Արևմուտքում հաճախ խոսում են ընդհանրապես Հարավային Կովկասում ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին, քանի որ դա հնարավորինս քիչ դիվանագիտական ծանրաբեռնվածություն է ենթադրում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար: Սակայն անհերքելի է, որ կոնկրետ այս մեխանիզմի կողմերը դրա նպատակների ու ձևաչափերի շուրջ տարաձայնություններ ունեն, ինչը պակաս արդյունավետ է դարձնում այն:

Կարելի է ենթադրել, որ որոշակի հետևողականության դեպքում հնարավոր է՝ այս մեխանիզմը միջազգայնացվի: Ըստ այդմ՝ եթե գործընթացը միջազգայնացվի, դա իր հերթին բերելու է որաշակի անորոշության, քանի որ անհասկանալի է, թե ով է այդ ամենով զբաղվելու, քանի որ Մինսկի խումբն այևս գոյություն չունի։ Ասել է թե առաջ են գալու բազմաթիվ չպարզաբանված հարցեր, սակայն միջազգային միջնորդությունը ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա կազմով հենց դա է ենթադրում:

Առաջին հայացքից գրեթե անհնար է պատկերացնել, որ այս բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանն ու Արևմուտքը կարող են միասին աշխատել: Տվյալ դեպքում չի բացառվում, որ այլ ձևաչափով տեղի ունենա միջազգային միջնորդությունը: Եթե դրան դեմ չէ Ադրբեջանը, ապա ինչու է դեմ ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այլ կերպ ասած՝ տեղի ունեցողը դեռևս գործընթաց է՝ չհամաձայնեցված ձևաչափով, միջնորդությամբ ու նպատակներով:

Արմեն Հովասափյան