ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ
ասաց, որ սկսում է զբաղվել ակտիվ հասրակական գործունեությամբ և հիմնադրամ է ստեղծում,
որը պետք հիմնված լինի իրավունքի գերակայության վրա։ Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական
ագրեսիան հանդուրժել չի կարելի և դրա մասին պետք է բարձրաձայնել միջազգային բոլոր հարթակներում։
Նկատում է, որ իր պաշտոնավարման ժամանակ այս հարցում խնդիրների է բախվել, ինքը խոսել
է, ցույց է տվել վայրագությունները, բայց ասել են, որ այլ կարծիք էլ կա
հենց մեր երկրից։ Սա հանդուրժելու և չբարձրացնելու համար Թաթոյանը մեղադրում է իշխանություններին։
Այն հարցին, թե քաղաքականությամբ է սկսելու զբաղվել և կլինի՞ արդյոք ընդդիմության վարչապետի
թեկնածուն՝ Թաթոյանն
ասաց, որ երկրի ինքնիշխանությունը վտանգված է և սա քաղաքանությամբ զբաղվել չէ։ Վարչապետի
թեկնածու լինելն էլ չբացառեց՝ նշելով, որ և՛ ինքը, և հանրությունը լավ գիտեն իր հնարավորությունները։
«Ես իրականացնելու եմ հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն, այն օրհասական
հարցերը, որոնք կան, պետք է արձանագրել և այն բացերը, որոնք կան, լրացնել։ Ինչ վերաբերում
է վարչապետի թեկնածու և այլն, հանրությունը իմ կարողությունները լավ գիտի, ինքս իմ
կարողությունները լավ գիտեմ, իմ արարքների վրա վստահ եմ, այս պահին ես ինձ այստեղ եմ
տեսնում»,- նշեց Թաթոյանը։
Արման Թաթոյանը կրկին փաստերով խոսեց թշնամու վայրագություններից և դրանց ներկայացնելու ոչ պատաշ վիճակից, սակայն հրաժարվեց մեկնաբանել ՀՀ նորանշանակ ՄԻՊ-ի գործողությունները և արված արտահայտությունները։ Նկատենք, որ Քրիստինե Գրիգորյանը, օրերս անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ սպա կնոջ մարմինը խոշտանգելուն, նշել էր, որ այն ենթադրաբար կատարել են ադրբեջանցիների զինվորականները։ Թաթոյանն այս արտահայտությունը ևս չմեկնաբանեց։ Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նրա ակտիվ գործունեություն ծավալելը Vesti.am-ի հետ զորւյցում ողջունեց։ «Արման Թաթոյանն այսօր կատարում է օմբուդսմենի պարտականությունները, քանի որ մեր նորաթուխ օմբուդսմենն ուղիղ ազդեցության տակ է Նիկոլ Փաշինյանի կողմից և կատարում է իր պաշտոնին ոչ վայել քայլեր։ Վերջին հայտարարությունը, թե կին զինվորականի մարմնի խոշտանգմանը ենթադրաբար ադրբեջանցիներն էին արել, արդեն ի՞նչ օմբուդսմենի մասին կարող է խոսքը գնալ»,- եզրափակեց պատգամավորը։









