Foto

3788 + 105 զոհերը ո՞ր ընդդիմադիր հավաքներին են մասնակցել և նրանցից ո՞ւմ սահման մեկնելուն է Քոչարյան Անդրանիկը անձամբ հետևել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտարարեց, որ իրենք ունակ են բավարարել բանակի կարիքները: Ռազմական դրություն հայտարարված չէ, զորահավաք չի անցկացվում և առայժմ դրա կարիքը չկա։ Իսկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն ասում է, որ հետևելու է, որ Երևանում հանրահավաքի մասնակիցները մեկնեն առաջնագիծ և դրա կարիքը կա։ ՔՊ մյուս պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ Հ1-ի եթերում որոշեց, թե երբ են ընդդիմադիրները մեկնելու առաջնագիծ և ասաց, որ մնացել է 8 ժամ։ Եթերից հետո, իհարկե, 8 ժամն անցնել  է և ընդդիմադիրների ավտոբուսըն առաջնագիծ մեկնելու ճանապարհին չէ։

ՔՊ ական մյուս պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ որոշել է, որ հավաքի մասնակիցները հանցագործներ են և կարիք կա, որ նրանցով զբաղվեն հատուկ ծառայությունները․ «Երեկվա հավաքի մասնակիցներով վստահաբար կզբաղվեն հատուկ ծառայությունները, իսկ առավել ակտիվների ներուժը պետք կգա առաջնագծում»։

Կա՛մ բանակն իրոք օգնության կարիք ունի և ՔՊ պատգամավորներն ու հատկապես ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը դրանում համոզված են, կա՛մ էլ պաշտպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ էլ Պապիկյանը դա նույնպես գիտի, բայց ստում է։ Ուստի հանցավոր անգործության վերաբերյալ հաջորդը մեղադրանքն առաջադրվելու է նրան։ Իրականում առավել հավանական է, որ ստում են  իշխանական պատգամավորները և ապատեղեկատվություն են տարածում և այդ կերպ վարկաբեկում են մեր բանակը՝ ջուր լցելով թշնամու ջրաջացին։ Նրանց ևս պետք է քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով մեղադրանք առաջադրել։

Ովքեր ասում են, որ իրենք հավաքների մասնակիցներին ուղարկելու են առաջնագիծ, ևս խախտում են քրեական օրենսգրքի մի քանի դրույթ։ Բանն այն է, որ զորահավաք հայտարարում է ՀՀ նախագահը՝ այն դեպքում, երբ երկրում հայտարարված է ռազմական դրություն։ Սա նշանակում է, որ Քոչարյան Անդրանիկն ազդեցություն է գործադորում կամ փորձում է գործադրել ՀՀ նախագահի վրա, ավելին՝ նրան ուղղորդում է, թե ո՞ւմ տանի առաջնագիծ։

Մյուս կողմից էլ և՛ պատգամավորներն են ճիշտ, և՛ Պապիկյանը, բայց միայն իրենց և իրենց դեռևս վստահողների համար։ Ուստի սրանք քաղաքական հայտարարություններ են։ Իշխանությունը չկորցնելու համար Պապիկյանը, հետևելով 44 օրյա պատերազմի օրինակին, նշում է, որ ամեն ինչ կարգին է, միայն թե քաղաքացիները փողոց դուրս չգան։ Նույն նպատակն հետապնդելով՝ նման հայտարարություններ են աում ՔՊ պատգամավորները, որ քաղաքացիները վախենան և փողոց դուրս չգան։ Նրանցից հավանաբար և ոչ մեկը չի գիտակցում, որ, իշխանությունը պահելու մոլուցքով պայմանվորված, արժեզրկում են բանակը, առաջնագիծը, սահմանը։ Սահմանին կանգած զինվորի, առջնագիծ մեկնող կամավորի համար սահմանը, առաջնագիծ մեկնելը պետք է պատիվ լինի, այլ ոչ թե պատիժ։ Իսկ եթե առաջնագիծ պիտի մեկնեն միայն ընդդիմադիրները, ապա  թող ՔՊ ականները բացատրեն 2020 թվականի պաշտոնապես հաստատված 3788  և այս պատերազմի դեռևս հաստատված 105 զոհերից ովքե՞ր էին ընդդիմադիր հավաքների մասնակցել, նրանցին ու՞մ առաջնագիծ մեկնելուն է անձամբ Քոչարյան Անդրանիկը հետևել։

 

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան