Ղարաբաղից տեղահանված 34 հազար 576 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովում անդրադառնալով Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացին։
«Նշեմ, որ շուրջ հազար դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, այս պահի դրությամբ գտնվում են ՀՀ նախագահի աշխատակազմում։ Այսինքն՝ օրերի ընթացքում ևս հազար անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսը կրկին արագացնել»,-հավելեց Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիության դիմումների մերժման որևէ դեպք չի եղել։
Խոսելով քաղաքացիություն շնորհելու գործընթացի տեմպերից, նախարարը նշեց, որ եթե անցած տարվա առաջին կիսամյակում ընդամենը 4 հազար դիմում է եղել, ապա այս տարվա երկուսուկես ամսում այդ թիվն արդեն գերազանցել է 5 հազարը։









