Այն փաստը, որ օրվա իշխանությունը ձախողել և հիմնովին տապալել
է ողջ պետական կառավարումը, ըստ էության, քննարկման ենթակա
չէ, միաժամանակ հանրության գիտակից հատվածի համար գրեթե ոչ մի կասկած չկա, որ Նիկոլ
Փաշինյանն ամեն ինչ անելու է ՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Իրականության
մառազմը հասել է նրան, որ նման ձախողումներ ունեցող ու անհայրենիք իշխանությունը ոչ
միայն հանրության որոշ շրջանակներում, այլև քաղաքական դաշտում ունեն աջակիցներ։
Իր կառավարման ընթացքում Փաշինյանը գործնականում դիմել է ամեն
միջոցի՝ հանրային տիրույթում մոլորություն ապահովելու նպատակով, բացի դրանից, լինելով
մանիպուլյացիայի մեծ վարպետ, հեշտությամբ ամեն տապալման համար հերթական
մեղավորին է նշանակել։
Բոլորս ականատես եղանք, թե ինչպիսի ճկունությամբ, Փաշինյանի
երբեմնի թիմակից Մարուքյան Էդմոնը, նախ շատ արագ դարձավ նրա «սուր» ընդդիմախոսը՝
մոտ 1 տարի խաղալով «ընդդիմադրի» կարևոր դերը, այնուհետև մի ձեռքի շարժումով նշանակվեց
հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այս նշանակման սարկազմը կայանում է նրանում,
որ երբ ԱԳՆ-ից լրատվամիջոցները հարցնում են, թե այդ ի՞նչ հատուկ
հանձնարարություններ և սուպեր գաղտնի հանձնարարություններ է իրականացնում և պատրաստվում
իրականացնել մեր վանաձորցի բարեկամը, գերատեսչությունը լուրջ դեմքով հայտնում
է, թե նրա գործունեությունը պահվում է գաղտնի։
Բնական է, որ պետությունն ունենում է հատուկ նշանակության դեսպաններ,
որոնց միսիան իրականում բարդ և ճգնաժամներում պետության ղեկավարի կողմից բանակցելն
է, կամ ասենք հատուկ ցուգցվանգային փուլում պետության շահերն առաջ տանել, բայց ոչ երբեք
ներքաղաքական ինտրիգներում թաթախվելն ու իշխանահաճո սեթևեթանքներով զբաղվելը, ինչով
վերջին մի քանի ամիսներին զբաղված են Մարուքյանն ու իր գվարդիան։ Նախկինում
մենք նույնպես ունեցել ենք նման պաշտոնում նշանակված լուրջ քաղաքական ու պետական գործիչներ,
որոնք, սակայն, ոչ մի պարագայում չեն մտել ներքաղաքական տիրույթ, առավել ևս իշխանությանը
սիրաշահող դիֆիրամբներ ձոնել։
Մարուքյանի՝ նման պաշտոնի նշանակման անլրջությունը կայանում
է նրանում, որ նա «կլասիկ» քաղաքական գործիչ է, քաղաքական ուժի ղեկավար, ով ունի կոնկրետ
հայացքներ ու մոտեցումներ, ասել է թե, նա լինելով մի քաղաքական ուժի ղեկավար, ամբողջովին
սկսել է ծառայել ու կատարել լրիվ այլ ուժի ներկայացուցչի կապրիզները, ավելին, նրա գրպանի
խաղալիքն է դարձել։
Բացի նրանից, որ ինքն է դարձել խամաճիկ, Էդմոնը նաև իր թիմակիցներին
է պարտադրում՝ դառնալ իշխանության սազանդարը և ամեն գնով աջակցել ազգակործան պատուհասին՝
տիրաժավորելով նրա քիմքին հաճո թեզերը։ Կոնկրետ Բերձորի միջանցքի և Աղավնոյից դուրս
գալու հետ կապված՝ վերջին օրերին իլյումինանտների բլոկը սոցհարթակներում
ակտիվ էր՝ հերթական անգամ ակտիվ քննադատելով նախկին իշխանություններին և ամեն ինչի
մեղքը բարդելով նրանց վրա։
Ստացվում է՝ «կլասիկ» Էդմոնը շատ արագ դարձել է ձեռքի խաղալիք
ու այդ քայլով վերջնականապես խաչ քաշել իր քաղաքական ապագայի վրա։ Ակնհայտ է, որ նա
փայլուն գիտակցում է, որ ԱԺ-ի դռները վերջնականապես փակ են իր քաղաքական ուժի առաջ,
իսկ սրանց հեռանալուց հետո նա լավագույն դեպքում կարող է աշխատել մարզային շարքային
փաստաբան։
Սարգիս Մեհրաբյան









