Foto

Փխրուն տարածաշրջանի ստերիոտիպերը

Տարածաշրջանային ընդհանուր քաղաքականությունը, որին ականատես ենք լինում վերջին մի քանի ամիսներին, միանշանակ ընթանում է Արցախի հարցի շուրջ։ Ցանկացած տեսանկյունից դիտարկելու պարագայում, թեմայի էպիկենտրոնում միևնույնն է արցախյան հիմնահարցն է ու Ադրբեջանի կողմից պանթուրանական քաղաքականության իրականացման մոլուցքը։

Թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունը տևական ժամանակ է ձևավորվում է, այսպես կոչված, միջանցքային տրամաբանության շուրջ բաց տեքստով Իլհամ Ալիևը շեշտել է, որ պետք է նշվեն հստակ ժամկետներ և կոնկրետ քայլեր, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»: Ավելին, այս օրերին Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին ևս անդրադարձել է Հայաստանի հետ, այսպես կոչված, նորմալացման գործընթացին և «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը բոլորին տեսանելի է։ Ի դեպ նա նաև հավելել է, թե Երևանում պետք է կողմնորոշվեն՝ ուզո՞ւմ են խաղաղություն, թե՞ ոչ։ Նրա պնդմամբ՝ Անկարան որևէ գաղտնի պլան չունի Բաքվից։ Իր խոսքի բովանդակության մեջ, ըստ էության, Չավուշօղլուն ակնարկել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարտադրում են «Զանգեզուրի միջանցքը», ու դրանից հրաժարվելն ունենալու է հետևանքներ:

Հավելենք նաև, որ թուրքական կողմն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, քանի որ դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են և կախված են մեկը մյուսից։ Դրանից բացի, ամիսներ առաջ Երևանում գտնվող Սերգեյ Լավրովը, խոսելով «միջանցքի» մասին, ասել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը հիմնված կլինի Հայաստանի տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և ոչ մի երկիմաստություն չի լինի։

Հետևելով ընդհանուր տենդենցներին՝ պարզ է դառնում, որ այս հարցում ակնհայտորեն լուրջ տարաձայնություններ կան Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, քանի որ չի հաջողվում համաձայնության գալ ճանապարհի ձևաչափի շուրջ, ավելին, Թուրքիան այդ հարցը նախատեսում է լուծել ՌԴ հետ: Բանն այն է, որ ՌԴ-ին աշխարհաքաղաքական զարգացումների այս հանգրվանում խիստ անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը:

Մեծ քաղաքագիտական ունակություններ պետք չեն՝ հասկանալու համար, որ Ռուսաստանն ամեն գնով ցանկանում է պոկել Թուրքիային արևմտյան ազդեցությունից։ Մեկ այլ իրողություն վկայում է, որ ներկայումս ռուս-թուրքական աշխարհաքաղաքական «առևտուրն» ամենաթեժ փուլում է: Երկու երկրների  ղեկավարների վերջին հանդիպումից հետո պարզ էր, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Սիրիան,  Հարավային Կովկասը, Ուկրաինան, ինչպես նաև ուկրաինական հումանիտար խնդիրներն ու տնտեսական բլոկի փոխհամագործակցությունը:

Վերը նշված զարգացումների կոնտեքստում ուշագրավ է հատկապես Իրանից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները, որը վերաբերում է հայ-իրանական սահմանի արգելափակման անթույլատրելիությանը: Ասվածն էլ ավելի միս ու արյուն է ստանում, եթե փաստացի գոյություն ունեն բանակցություններ, որոնք ամբողջությամբ հրապարակային ու թափանցիկ չեն: Ասեմ ավելին, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց պարզ դառնա, որ իրանական կողմն ուներ հիմքեր նման մտավախությունների համար: Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ նաև Իրան-Արևմուտք միջուկային գործարքի վերականգնումը, որը կամրապնդի տարածաշրջանում Իրանի դիրքերն ու դիրքորոշումները:

Արմեն Հովասափյան