Foto

Ցավալի իրականության և ունայնության միջև

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ օգոստոսի վերջին նախատեսվում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում: Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի օրակարգը հայտնի է, սակայն հայտնի չէ, թե ինչ օրակարգ ունի Հայաստանը, ընդհանրապես՝ ինչ է Հայաստանի իշխանության ուզածը: Ըստ էության, ընդամենը այն, թե ինչպես դիմակայի Ադրբեջանի պահանջներին կամ մի փոքր հետաձգի դրանց կատարումը, իսկ ավելի ուշ կատարելով հայտարարի, որ հնարավոր չէ դրանք չկատարել, այլապես կաշխատի «նոր պատերազմ, նոր կորուստներ» բանաձևը:

ՀՀ-ում ոչ ոքի համար գաղտնիք չէ, ոչ Ադրբեջանը պահանջում է Սյունիքի միջանցքը և Արցախի ՊԲ զինաթափում, ավելին, Ադրբեջանը գիտի նաև, թե ինչպես ճնշել Հայաստանին՝ իր ուզածին հասնելու համար: Հետևելով ժամանակացույցին՝ պարզ է դառնում, որ երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հանդիպեն, Բերձորը, Աղավնոն ու Սուսն արդեն հայաթափված ու Ադրբեջանին հանձնելուն պատրաստ կլինեն:

Հայտնի է, որ Ադրբեջանը պահանջում է, որ նոր միջանցքն ունենա այն նույն կարգավիճակը, ինչ Ադրբեջանը Նախիջևանին կապողը. ռուսները կարող են կանգնել այդ ճանապարհի վրա՝ որպես անվտանգության երաշխավորներ, բայց Հայաստանը մաքսակետ ու սահմանային հսկողություն չպետք է ունենա։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տեղաշարժը հայ սահմանապահների և մաքսավորների կողմից չպետք է վերահսկվի, այլապես Ադրբեջանն էլ սահմանային և մաքսային հսկողություն կսահմանի Արցախի և Հայաստանի միջև: Նույնը վերաբերում է մյուս կոմունիկացիաներին`գազ, էլեկտրաէներգիա, ինտերնետային կապ: Եթե Հայաստանն իրավունք ունի ապահովել Արցախի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, ապա Ադրբեջանն էլ կարող է Սյունիքի միջանցքում կառուցել գազի, նավթի, էլեկտրաէներգիայի փոխադրման-տարանցման ենթակառուցվածքներ: Ընդհանուր այս «ռասկլադից» ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմին հենց դա էլ հետաքրքրում է: 

Ցավոք անվիճելի է նաև այն փաստը, որ Հայաստանն Ադրբեջանի պահանջներին դիմադրելու փաստացի ռեսուրս չունի: Միակ ճանապարհը՝ ցույց տալ, որ չես վախենում Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից, բայց, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի դիմադրելու ռեսուրսը: Միակ հույսն այն է, որ ռուսների ու ադրբեջանցիների շահերը կարող են չհամընկնել, որ ՌԴ-ն տեսականորեն կարող է դեմ լինել Ադրբեջանին նման միջանցքի տրամադրմանը, որ Ադրբեջանը չկարողանա ռուսական գազին ու նավթին այլընտրանք ադրբեջանական նավթն ու գազը եվրոպական շուկա արտահանել, բայց Ռուսաստանն այս պահին այնքան է կախված Թուրքիայից, որ ոչ մի գնով չի ցանկանում հիմա էլ հակամարտության մեջ մտնել Թուրքիա-Ադրբեջանի հետ և երկրորդ ճակատ ունենալ Հարավային Կովկասում: Վերջիններս օգտվում են Ռուսաստանի թուլությունից և կախվածությունից ու հնարավորինս «գազ են տալիս»՝ առավելագույնը պոկելու հեռանկարով:

Այսօր փաստն այն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ ՊԲ-ի լուծարում և զինաթափում՝ ընդ որում, Ադրբեջանը դա պահանջում է ՀՀ-ից: Ադրբեջանի իշխանությունները պահանջում են, որ Հայաստանի բյուջեով Արցախին հատկացվող ամենամյա միջկառավարական վարկի չափն էականորեն նվազեցվի: Նվազեցվի այնքան, որ դրանով հնարավոր լինի լուծել միայն հումանիտար խնդիրներ` թոշակ, աշխատավարձ, նպաստներ, բայց ո՛չ պետական կառույցների, այդ թվում բանակի սպառազինության և պայմանագրայինների վարձատրման ֆինանսավորումը: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունն այնքան է լկտիացել, որ ցանկանում է ինքը կազմել ՀՀ պետբյուջեն և ինքը որոշել, թե որ ոլորտին ինչքան ֆինանսավորում պետք է հատկացվի: Եթե Փաշինյանի իշխանությունը մնա, չի բացառվում, որ 2023 թվականի բյուջեն հաստատվի ոչ թե Հայաստանի խորհրդարանում, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում:

Դաժան իրականությունն այն է, որ հայ ժողովուրդը չափազանց ծանր գին է վճարում Նիկոլին` որպես «նոր հայտնություն» և «Փրկիչ» ընդունելու համար, ով իր կախարդական փայտիկով պետք է բուժեր հիվանդներին ու հարություն տար մեռածներին, արցախյան բանակցությունները սկսեր իր կետից ու Արցախը դարձներ Հայաստան: Մնում է, որ հայ ժողովուրդը հասկանա, որ փրկչի փոխարեն ՀՀ-ում իշխանության ղեկին է հայտնվել կիսախելագար մեկը, ով բացի սեփական շահից ու ստամոքսից ուրիշ ոչնչի մասին չի մտածում, ասեմ ավելին՝ ընդունակություն և ցանկություն չունի մտածելու համար:

Արմեն Հովասափյան