Foto

Արցախը հայաթափվում է. Սուսից բռնի տեղահանվող բնակիչների մեծ մասը բնակություն կհաստատի Հայաստանում

Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղում ներկա դրությամբ ութ ընտանիք է ապրում։ Նրանք հիմնականում այն բնակիչներն են, ովքեր պատերազմից հետո մնացել և շարունակել են աշխատել ասֆալտի գործարանում և ՀԷԿ-ում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

«Յոթ ընտանիք Հայաստանի տարբեր մարզերում է ցանկանում վերաբնակվել, մեկ ընտանիք էլ՝ Արցախում։ Այդ ընտանիքները սերտիֆիկատներ կստանան։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից վստահեցրել են, որ առաջնահերթ սերտիֆիկատներ կտրամադրվեն ներկայումս գյուղում ապրող բնակիչներին, որպեսզի այդ մարդիկ ստիպված չլինեն վարձով ապրել, իսկ մի քանի օրից էլ՝ մյուս գյուղացիների հարցով կզբաղվեն»,-ասաց Ներսիսյանը։

Ներքին Սուսի գյուղապետի խոսքով՝ գյուղացիներն արդեն իրերն են հանում՝ վարչակազմի, ՏԿԵ նախարարության, Կարմիր Խաչի և անհատների օգնությամբ, իսկ երեք ընտանիք դեռ այդ գործընթացն էլ չի սկսել։

Հիշեցնենք, որ կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետը՝ Ադրբեջանը հայկական կողմին պահանջ է ներկայացրել մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը հանձնել Լաչինի միջանցքը։ Բացի այդ, արհեստածին երկրի ղեկավարը նաև պահանջել է հանձնել հայկական Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը։ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ՝ այդ բնակավայրերից արդեն իսկ սկսվել է բնակչության տարհանումը։

Նշենք, որ որպես փոխհատուցում՝ Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները կստանան բնակարանի գնման հավաստագրեր՝ Արցախում վերաբնակվելու դեպքում ՝ 12 մլն դրամին համապատասխան, Երևանում վերաբնակվելու դեպքում՝ 8 մլն դրամին համապատասխան, իսկ ՀՀ մարզային բնակավայրերում հաստատվելու դեպքում՝ 10 մլն դրամին համապատասխան։