Ընթացիկ տարվա ավարտին
դեռ մի քանի ամիս կա, բայց կառավարությունն օրերս շտապել է հայտարարել, որ պատրաստվում
են հաջորդ տարվանից բարձրացնել կենսաթոշակները։ Միանշանակ դժվար չէ հասկանալ, որ այդ
ամենն արվում է հերթական անգամ հայտարարություններով թոշակառուներին կերակրել՝ մինչև
կբարձրացնեն կամ չեն բարձրացնի թոշակները։ Արդեն այժմվանից տարբեր առիթներով արհեստականորեն
տիրաժավորում են այդ թեման և առաջիկայում դեռ հարմար առիթներով կշահարկեն դա։
Չնայած ակնհայտ է, որ գործ ունենք իշխանությունների հերթական նախաձեռնության հետ, որն
ավելի շատ իմիտացիա է, քան մարդիկ կզգան դրա իրական արդյունքը։
Իշխանությունները թոշակների
բարձրացման հետ կապված նշում են, որ այն կբարձրանա մինչև 6 հազար դրամով, ի դեպ՝ 2
փուլով, որոնց ժամկետները հայտնի չեն։ Հավելենք նաև, որ թեմայի պատասխանատուները խուսափում
են մանրամասնել, ինչն էլ կասկածների տեղիք է տալիս։ Այդ կասկածների հիմքը դրեց Նիկոլ
Փաշինյանը, երբ կառավարության հերթական նիստերից մեկում հայտարարեց թոշակները բարձրացնելու
մասին՝ իրեն «զրկելով» դրա վերաբերյալ մանրամասներ հայտնելու գայթակղությունից։ Նման
բան Փաշինյանի նման պոպուլիստից գրեթե անհնարին էր սպասել. նա երբեմն անգամ չի կարողանում
իրեն զսպել՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց, ուր մնաց թե՝ թոշակների
բարձրացումն է։
Հատկանշական է փաստել
այն հանգամանքը, որ նման բան մինչև հիմա Հայաստանում երբևէ չի եղել, երբ դեռ հերթական
բարձրացումը չկատարած, երբեք չի հայտարարվել հաջորդ բարձրացման մասին։ Առավել ևս առկա
այսքան անորոշությունների ու անկայունության պայմաններում, երբ հայտնի չէ, թե առաջիկայում
ինչ է սպասվում մեզ։ Թեև պարզ է, թե ինչու են որոշել այդպես վարվել՝ մի կողմից՝ փող
են տնտեսում թոշակառուների վրա, մյուս կողմից՝ իմիտացիա են ստեղծում, թե պատրաստվում
են մինչև 6 հազար դրամով թոշակ բարձրացնել (իրականում 6 հազար դրամ ասվածը խիստ հարաբերական
է)։
Ամենայն հավանականությամբ՝
հունվարի 1-ից կենսաթոշակները շատ ավելի քիչ են բարձրանալու, քան հայտարարվող մինչև
6 հազար դրամն է։ Լավագույն դեպքում դա կարող է լինել 3 կամ 4 հազար դրամի չափով։ Ըստ
ամենայնի՝ մնացածը կբարձրացնեն հետագայում, հավանաբար տարվա երկրորդ կեսին։ Այլ բան,
եթե հայտարարվող մինչև 6 հազար դրամ բարձրացումն ամբողջությամբ արվի տարվա սկզբից,
այլ բան, եթե բարձրացման մի մասը տեղափոխվում է տարվա երկրորդ կես։ Այլ կերպ ասած՝
այդքան գումար առնվազն 6 ամիս խնայելու են՝ թոշակառուների հաշվին։ Հերթական անգամ ականատես
ենք լինում, այն փաստին, որ իշխանություններն իրենց պարգևատրելու հարցում չափից դուրս
առատաձեռն են, խնայողությունների մասին չեն մտածում, բայց երբ հարցը հասնում է թոշակառուներին
կամ սոցիալական մյուս խոցելի խմբերին, ահա այսպիսի խորամանկությունների են դիմում,
կես-կես են բարձրացնում, որպեսզի քիչ փող ծախսեն ու քիչ վճարեն։
Առաջին հայացքից տպավորություն
են ստեղծվում, թե մյուս տարվանից կենսաթոշակը մինչև 6 հազար դրամով բարձրացնում են,
այնինչ՝ դա լինելու է ոչ թե տարվա սկզբից, այլ ողջ տարվա ընթացքում միայն։ Կարևոր
է նաև այն, թե նշված 6 հազար դրամը քանի թոշակառուի կարող է վերաբերել.
կասկած չկա, որ այդպիսիք շատ քիչ են լինելու։
Շատ քչերն են կարողանալու օգտվել այդ «հաճույքից»։
Ըստ էության, դժվար է ասել, թե ինչ
է փոխելու այդ մի քանի հազար դրամը թոշակառուի կյանքում, դժվար չէ պատկերացնել, թե
կենսակերպի ու կենսամակարդակի վրա ինչ ազդեցություն կունենա այդ մի քանի
գրոշը։ Գաղտնիք չէ, որ վերջին 2 տարիների բարձր գնաճի հետևանքով մարդկանց ծախսերն անհամեմատ
ավելի են աճել, քան կենսաթոշակի հայտարարվող բարձրացումն է։ Սննդամթերքի ու առաջին
անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների դեպքում ունենք շատ ավելի բարձր գնաճային երևույթներ։
Երեք-չորս, հետո ևս 2 կամ 3 հազար դրամը միանշանակ չեն փակելու թոշակառուների այն հավելյալ
ծախսերը, որոնք առաջացել են վերջին 2 տարիների թանկացումների հետևանքով, բայց դա այն
է, որը իշխանությունը պատրաստվում է տալ թոշակառուին՝ ի պատասխան արձանագրվող բարձր
գնաճի։
Ստացվում է՝ թոշակը նախատեսում
են բարձրացնել մի քանի հազար դրամով, իսկ իրենց հարյուր հազարներով պարգևավճար են տալիս։
Իշխանության ներկայացուցիչները նշում են, թե պետք չէ թոշակների բարձրացումը խառնել
պաշտոնյաների պարգևավճարների հետ։ Թոշակառուները շատ են, պաշտոնյաները՝ քիչ։ Թոշակները
բարձրացնելու համար շատ գումար է պետք, պաշտոնյաների պարգևավճարների համար՝ ոչ այդքան
շատ։ Ու դրա համար էլ իրենց հարյուր-հազարներով պարգևավճար են տալիս, իսկ թոշակները
պատրաստվում են բարձրացնել մի քանի հազար դրամով, այն էլ ոչ միանգամից, որպեսզի հնարավորինս
քիչ փող ծախսեն և տնտեսեն թոշակառուների հաշվին՝ իրենց լի ու բոլ պարգևատրումներ բաժանելու
համար։
Փորձենք հակադրվել իշխանության
տրամաբանությանը. եթե պաշտոնյաները քիչ են, իսկ թոշակառուները՝ շատ, դա չի նշանակում,
թե կարելի է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել կամ հարյուր-հազարավոր դրամների
պարգևավճարներ տալ, իսկ թոշակները չբարձրացնել կամ ձևական բարձրացնել, որովհետև բյուջեն
այդքան փող չունի։ Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում սոցիալական արդարություն գոյություն չունի,
ավելին, իշխանությունները վաղուց են մոռացել սոցիալական արդարության մասին։ Դա մինչև
իշխանության գալն էր, իշխանության գալուց հետո այլ իրականության մեջ ենք ապրում։ Փայլուն
հիշում ենք, թե ինչպես էին բարբաջում, որ եկել են ժողովրդին ծառայելու ու պատրաստ են
նույնիսկ անվճար ծառայել։ Բայց մի գեղեցիկ օր պարզվեց, որ ժողովրդից թաքուն բյուջեից
փողեր են ստանում, իսկ թոշակը չեն բարձրացնում, որովհետև փող չկա։
Հավելենք, որ նախկինում
էլ Հայաստանում թոշակները հաճախ չէին բարձրանում, բայց գոնե այսպիսի բարձր գնաճ չունեինք,
երբեմն նաև գնանկում էր արձանագրվում։ Ինչպես հայտնի է՝ վերջին 2 տարում
թոշակ չի բարձրացել, իսկ գները թռիչքաձև աճել են։ Ոչ մի ապահովագրություն չկա, որ հաջորդ
տարի սպառողական ապրանքների գները չեն աճելու։ Գնաճը նահանջելու հույսեր չի տալիս,
և կանխատեսվում է, որ այն դեռ շարունակելու է գտնվել բարձր դիրքում։ Ու այդ պայմաններում
դեռ հարց է՝ մի քանի հազար դրամ թոշակի ավելացումը, որը պիտի լինի հաջորդ տարի, ծածկելու
է գալի՞ք, թե՞ նախկինից եկած գնաճի ազդեցությունը։
Արմեն Հովասափյան









