Foto

Սոչիի հանդիպման ետնաբեմի մութ անկյունները


Ինչպես և կարելի էր կանխատեսել, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կարծես վերաձևավորեց օգոստոսի 5-ին Սոչիում սպասվող ռուս-թուրքական բարձրաստիճան բանակցությունների օրակարգը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակը դարձնելով այդ օրակարգի կենտրոնական թեմա: Նշենք, որ նախօրեին Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էին վերջին օրերին Արցախի տարածքում տեղի ունեցած աննախադեպ ռազմական ագրեսիային: Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում:  Նա նաև չէր բացառել, որ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Արցախում իրավիճակի սրման հարցը:

Ի դեպ՝ Պեսկովը նաև անդրադարձել է ՀՀ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր Արցախում ռուսական պատասխանատվության գոտուն և խաղաղապահների գործունեությանը: Նա մասնավորապես նշել է, որ ՌԴ և ՀՀ միջև տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երևանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության հետ: Բացի Պեսկովից, նախօրեին իրավիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց ՌԴ ԱԳՆ-ն՝ խիստ մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ: Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է սպասվող ռուս-թուրքական բանակցություններն ու ԼՂ վերաբերյալ հայտարարությունների կատարումը: Ըստ ՌԴ պաշտոնական «Կրեմլին» կայքի՝ ընդգծվել է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների բոլոր նորմերի կատարման հրամայականը:

Այսօր արդեն խաղաղապահներին, Պնոմպենում տեղի ուենցած ասուլիսի ժամանակ, անդրադարձել է նաև Սերգեյ Լավրովը՝ բաց տեքստով ուղղակի ապտակելով Փաշինյանին։ Իր խոսքում Սերգեյ Վիկտորովիչը նշել է, որ վերջին 1,5 տարիների ընթացքում հայկական կողմը խաղաղապահների հետ կապված որևէ մտահոգություն, առավել ևս դժգոհություն չի ներկայացրել։ «Փաշինյանի առաջարկները չենք տեսել, ուստի չեմ կարող գուշակություններ անել»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը։ Հարկ է նաև ընդգծել, որ ռուսական կողմն այս ծավալով իրավիճակին անդրադարձավ այն բանից հետո, երբ եղան ԵՄ, ՆԱՏՕ, ԱՄՆ բարձրաստիճան արձագանքներն այս թեմայով:

Ակնհայտ է, տեղի ունեցած միջադեպերն ու տարածաշրջանի այդ սրումը ժամանակային առումով պատահական չէր և ուղակիորեն կապ ուներ Սոչիում այսօր տեղի ունենալիք բանակցությունների հետ։ Կասկածից վեր է, որ այս էսկալացիայով ակնհայտորեն բանակցային ակտիվ օրակարգում հայտնվեց ԼՂ հարցը Թուրքիայի և Ադրբեջանի հրահրմամբ։

Ըստ էության՝ ակնհայտ է, որ ՌԴ-ին այս պահին պետք չեն խնդիրներ ո՛չ Թուրքիայի և Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի հետ: Առավել ևս հարկավոր չէ ռազմական էսկալացիա Արցախում։ Միանշանակ է, որ ՌԴ-ից ակնկլում են  դիրքեր զիջել, որոնք ՌԴ-ն ամենայն հավանականությամբ չի անի։ Ընդհանրապես ռուս-թուրքական բանակցային բոլոր փուլերից առաջ այն գոտիներում, որոնց վերաբերյալ նրանք պետք է բանակցեն կամ ակնկալիքներ ունեն, իրավիճակը «տաքացվում» է հիմնականում թուրքական կողմից՝ լավ բանակցային դիրքերի համար։ Վերջին բոլոր նմանատիպ դրվագները տեղի էին ունենում Սիրիայում, այս անգամ, կարծես, ԼՂ-ում։

Հենց այստեղ հարց է առաջանում, թե ադրբեջանա-թուրքական տանդեմն ինչ է ցանկանում բանակցել կամ կորզել Ռուսաստանից, իսկ ՌԴ-ն ելնում է նրանից, որ այդտեղ իրեն պետք են Հայաստանը, Ադրբեջանը, ԼՂ-ում իր ներկայությունը, ինչպես նաև Թուրքիան, որի հետ կա լուրջ մրցակցություն ու համագործակցություն։ Ուստի այսօր սպասվող բանակցությունները թեմատիկ առումով մի փոքր այլ են լինելու, քանի որ ներառելու են նաև ԼՂ-ում իրավիճակի թեման, և թուրքական կողմը փորձելու է ինչ-որ բանի հասնել։ Թե կոնկրետ տեղում ի՞նչ տեղի կունենա, ի՞նչ որոշումներ կկայացվեն՝ բարդ է ասել։ Ըստ էության՝ ՌԴ-ն պետք է փորձի անել այնպես, որ իր համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն, բայց ակնահյտ է, որ ճնշումը մեծանում է։

Ամփոելով՝ հավելենք նաև, որ քննարկվելիք հարցերի շարքը լայն է մի քանի ռեգիոններ ու առանձին հարցեր՝ Ուկրաինա, Սիրիա, ԼՂ, և այս հարթություններում Թուրքիան իր բանակցությունների համար հավելյալ հնարավորություններ է ստեղծում, ինչպես միշտ՝ մի տեղում զիջում է, մյուսում՝ ստանում և աշխատում է ձեռնունայն չավարտել բանակցությունները։ Այնպես, որ սպասենք հանդիպմանը և փորձենք հասկանալ, թե ի՞նչ են քննարկել կողմերը և քննարկման արդյունքում ինչ է սպասվում հայկական կողմին։

Արմեն Հովասափյան