Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Ավետիք Չալաբյանի գործով դատալսումների դռնբաց նիստը։
Նախոր նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց 3 ամիս ժամկետով։
Նա ընդգծեց, որ այս որոշմամբ ոչ թե կալանավոր է, այլ այս երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում է. «Ունենալով պատանդի կարգավիճակ, ես այցելելու եմ այս դատական լսումներին միայն մեկ նպատակով. ես այս դատարանի իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն այցելում եմ այս լսումներին որպեսզի հասարակությանը ներկայացնեմ մեր անմեղության բոլոր ապացույցները»։
Չալաբյանների պաշտպաններից մեկը նշեց, որ եթե դատարանը գտնում է, որ Ավետիք Չալաբյանն ինչ-որ ձեւով խոչընդոտել վկաների հարցաքննությանը կամ ներազդեցություն ունենալ նրանց վրա, ապա պաշտպանական կողմի դիրքորոշումը հետեւյալն է՝ սկզբում իրականացնել վկաների հարցաքննությունը, որպեսզի բացառվի հանգամանքը, որ Չալաբյանը կարող է խոչընդոտել, որովհետեւ հարցաքննված վկայի խոչընդոտելը անմտություն կլինի, հետո նոր անցնել գործում առկա փաստաթղթերի հետազոտմանը:
Ի վերջո, դատարանը սահմանեց հետեւյալ հերթականությունը. «Սկզբից հետազոտվլու են մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները՝ մեղադրանքի կողմից նշած հաջորդականությամբ՝ գործի ապացույցներ, վկաների ցուցմունքներ, վերջում մեղադրյալների հարցաքննություններ: Այնուհետեւ հետազոտվելու են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները, վկաների ցուցմունքները:
Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը կարող է լրացվել»,-ասաց դատավոր Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր դատարանը երեք ամսով կալանավորման որոշում կայացրել Ավետիք Չալաբյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:









