Վահե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը: Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն էր համարում, այօր մի խնդիր ունի. Վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից»:
Նիկո՛լ, գիտե՞ս որն է քո, Գռզոյի, Գուրգեն Արսենյանի և էն մյուս մանր լևոնականների (Արսեն Թորոսյան, Մակունց, Մարիա Կարապետյան և այլք) հիմնական պրոբլեմը. այն, որ դուք հավատում էիք (եք), թե թուրք-ադրբեջանական կողմի հետ կարելի է / հնարավոր է հաշտվել, հասնել պայմանավորվածությունների, վստահել այդ դաշնազույգին իբրև հարևանի կամ գործընկերոջ և այլն, և այլն: Եվ դրանից ելնելով՝ ձեր մոտ մոլեգնել և մոլեգնում են սպասումները, թե ե՞րբ են թուրքերը բավարարվելու, և ե՞րբ է հասնելու այն բաղձալի ժամը, երբ թուրքերը կասեն՝ էյվալլա՛հ, Նիկոլ, էյվալլահ, Գռզո, եկեք բացենք «Մեծ խաղաղության» դարաշրջանը և լավ ապրենք:
Եվ դուք, առաջնորդվելով ձեր գաղափարական հոր՝ էն հայտնի «Մատենադարանի երիտասարդի» հիմնած մտայնությամբ, այդ բաղձալի ժամին ու սահմանագծին հասնելու ճանապարհին հոշոտում եք 30 տարիների ձեռքբերում համարվող Արցախը, հոշոտում եք հայոց բանակը, 60 և ավելի տարիների ձեռքբերում՝ Հայոց պահանջատիրության հենասյուները, հոշոտում եք Արևմտահայաստանը կորցրած սփյուռքահայի երազանքը, հոշոտում եք ՀՀ անվտագության համակարգը, մարդկանց՝ ՀՀ-ում ներդրումներ անելու, ապրելու և արարելու հեռանկարները, հոշոտում եք այն ամենը, ինչը դուր չի գալիս թուրքին ու ադրբեջանցուն, հոշոտում եք ազգային ինստիտուտներին, ուժերին, կուսակցություններին, մարդկանց… և շարունակում տենդագին սպասել դաշնազույգի ողորմածությանը՝ պահանջների ավարտի բաղձալի ժամին ու սահմանագծին:
Ամենակարևորը՝ հոշոտում եք հայոց պատմությունը՝ ցույց տալով, թե, իբր, հայ ժողովուրդը վերջին մեկ-մեկուկես դարում սխալ է ապրել ու գործել, որ թուրքերի հետ թշնամության հիմնական մեղավորը հայ ժողովուրդն է, որ սխալ էր Արցախն ազատագրելը, քանի որ կարելի էր այն հանձնել ու… թշնամությունը կվերանար, որ Թուրքիայի ագրեսիայի պատճառն ընդամենը Քարվաճառի ազատագրումն էր, բավական էր այն հանձնել և… թշնամանքը կվերանար, սխալ էր Սևրի պայմանագրի 100-ամյակի գիտաժողովը, պետք էր այն չանել և… Ադրբեջանը կարող էր և չհարձակվել, և այսպես մի շարք զավեշտներ:
Նիկո՛լ, անկեղծորեն հասկանում եմ՝ ո՛չ «Մատենադարանի երիտասարդի»՝ Պետերբուրգյան արիստոկրատիայի հետ շփումները, ո՛չ քո՝ վարչապետ դառնալը, ոչ էլ քեզ շրջապատողների՝ նախարար, պատգամավոր դառնալը կամ խոշոր հարստություն կուտակելը չի՛ սպանել ձեր գիտակցության մեջ խորը (երևի թե դարերով) արմատակալած գավառականությունն ու ստրկամտությունը:
Միջանկյալ մի բան էլ շեշտեմ. Նիկո՛լ, քո թիմի մոլեգին հակառուսականությունը բացարձակապես կապ չունի դավանած գաղափարների ու համոզմունքների հետ և բնա՛վ այն պատճառով չէ, որ դուք, իբր, արևմտամետ եք: Այդ հակառուսականությունը հետևանք է ձեր տեսակի, խառնվածքի ու հոգեբանության՝ մի կողմից, և ռուսական կայսերական, ծավալապաշտական և մեծապետական բնավորության՝ մյուս կողմից, տոտալ անհամատեղելիության իրողությամբ: Արդյունքում՝ ձեր՝ Ռուսաստանից դեպի թյուրքական աշխարհ թեքվելը ոչ թե Հայաստանը հզորացնելու մղումների կամ հավատամքի արդյունք է, այլ սեփական չարչիական շահերը թուրք-ադրբեջանական թուրանական «անդաստաններում» տեղավորելու կույր և անհագ մոլուցքի դրսևորում:
Դուք ոչ միայն չեք ուզում, այլև չե՛ք կարող աշխատել կայսրությունների հետ՝ առաջ տանելով Հայաստանի ազգային-պետական շահը: Գավառական չարչու մտածելակերպով առաջնորդվողը չի՛ կարող միևնույն սեղանին նստել կայսերական արիստոկրատիայի հետ և խոսել իրեն խորթ հարցերի մասին: Չարչին միշտ ձգտում է այնտեղ, որտեղ իրեն շոյում են, փաղաքշում, «յուղում» դրամով, որտեղ չկա՛ պետական, ազգային շահ, որտեղ կա՛ միայն վաճառականական շահը: Եվ դա հենց թուրքական միջավայրն է: Տեսակի հարց է: Նման զնմանն գտանէ:
Վերադառնանք քո և շրջապատիդ հիմնական պրոբլեմին՝ թուրքերին հավատք ընծայելու խնդրին: Ինչ-ինչ՝ խոստովանենք, ոչ դու, ոչ քո շրջապատը միամիտ կամ անգլուխ չի, որ հավատա, թե Հայաստանի ու հայ ժողովրդի ոչնչացման խնդիրն իրենց պետական հայեցակարգերում ներառած և ամեն օր իրենց հայաջինջ գործողություններում դա ցույց տվող թուրք-ադրբեջանցիները երբևիցե կարող են իրենց խաղաղ գոյակցությամբ նպաստել Հայաստանի հզորացմանն ու ծաղկմանը: Ընթերցողն արդեն դառը ծիծաղը դեմքին հասկացավ, որ այդ կատաղի հավատքն առ թուրք-ադրբեջանցիներ ոչ թե հանուն հայ ժողովրդի ու հայոց պետականության է, այլ՝ չարչիական ողորմելի շահերի:
Նիկո՛լ, վերջում՝ մի խորհուրդ. գնա՛ Ջավախք, կանգնիր Քուռ գետի՝ Գումբուրդո գյուղին հարող ափին և երկար, շատ երկար նայիր դիմացի ափին վեր խոյացող Թմկա հոյակերտ բերդին: Հիշի՛ր, թե ի՞նչ ասաց Նադիր շահը Թմկա տիրուհուն և ինչո՞ւ չխնայեց սեփական ամուսնուն դավաճանած կնոջը: Հիշում եմ՝ մի անգամ Թիֆլիս այցիդ ժամանակ ծնկի եկար Թումանյանի շիրիմի առջև: Հիմա հիշեցնում եմ՝ մեծ, շատ մեծ խորհուրդ կա Թումանյանի այս իրապատում-պոեմի մեջ… Հիշի՛ր՝ Նադիր շահի օրինակով Էրդողան-Ալիև տանդեմի թուրանական Շահը չի՛ խնայելու ո՛չ քեզ, ո՛չ Գռզոյին, ո՛չ Գուրգեն Արսենյանին, ո՛չ էլ էն մյուս մանր-մունրներին… Դուք փայփայվելու եք նշված տանդեմի Շահի կողմից այնքան ժամանակ, մինչև նա կնվաճի հայոց պետականության Թմկաբերը: Իսկ դրան հաջորդող վայրկյաններին իսկ դուք բոլորդ շպրտվելու՛ եք աղբարկղը ձեզ այժմ փայփայող նույն այդ Շահի ձեռամբ…