Foto

Համաշխարհային պատերազմի ռիսկերն ու հայկական դիլեման

Այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհայինի առաջ, և աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ որոշակի պատկերացում ունեցող ցանկացած անձ կարող է հաստատել, որ իրավիճակը հասել է գագաթնակետին։ Մինչ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին աշխարհում լարվածության նոր օջախներ են առաջանում տարբեր ռեգիոններում և հակամարտ գոտիներում, ինչպիսին Կոսովոյի հակամարտությունն է ու ամերիկաչինական հնարավոր լարվածությունը` պայմանավորված Թայվան ԱՄՆ Նենսի Փելոսիի այցով, իրավիճակը Հարավային Կովկասում Ղարաբաղյան հակամարտության գոտում ևս հանգիստ չէ ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ դիվանագիտական առումով:

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 19-ին Իրանում ռուս-թուրք-իրանական բանակցություններից հետո օգոստոսի 5-ին Սոչիում սպասվում են Պուտին-Էրդողան հերթական բանակցությունները՝ օրակարգում մի շարք հարցեր՝ ուկրաինական հակամարտությունը՝ իր քաղաքական ու հումանիտար խնդիրներով, այդ թվում՝ ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունն ու Մոսկվայի հետաքրքրությունը թուրքական բայրաքթարների նկատմամբ, որոնք Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է ռուսական ուժերի դեմ ուկրաինական պատերազմի թեժ օջախներում:

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին և հատկապես փետրվարի 24-ից հետո Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ քաղաքականություն են վարում թյուրքալեզու երկրների գոտում՝ հատկապես Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի հետ: Հուլիսի 26-ին, Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել էր Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների 24-րդ համաժողովը, որին մասնակցել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանից երկու պաշտոնյա՝ պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը, արտաքին հետախուզության կազմակերպության պետի տեղակալ Սամիր Իսմաիլովը, Ղրղզստանի և Ղազախստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության պետը։ Հանդիպմանը քննարկված հիմնական հարցերի շարքում առանձնացվել են մի շարք տարածաշրջաններում արձանագրված միջազգային ահաբեկչական, անջատողական սպառնալիքների աճը, միջազգային բնույթի հանցագործությունների կանխմանը, ապօրինի միգրացիային առնչվող հարցեր և որոշ հարևան երկրներից բխող իբրև թե ռևանշիստական շրջանակների սպառնալիքների մասին՝ թիրախավորելով, ըստ մի շարք վերլուծաբանների, ենթադրաբար՝ Հայաստանը և Իրանը։

Իսկ արդեն օրերս՝ օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին: Միջին միջանցքի մասին խոսելիս՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Այս ճգնաժամային միջավայրն իր բերած ռիսկերով հանդերձ՝ տալիս է նոր հնարավորություններ: Խորացող ուժային մրցակցությանը հակառակ՝ Եվրասիան և պատմական «Մետաքսի ճանապարհը» կրկին առևտրային կենտրոնական երթուղու են վերածվում»: Նշելով, որ աշխարհի ամենամեծ առևտրի ծավալն Ասիայի ու Եվրոպայի միջև է՝ Չավուշօղլուն կարևորել է առևտրային հոսքերի կառավարումը, մանավանդ որ, աշխարհաքաղաքական խնդիրները Չինաստանը Եվրոպային միացնող Հյուսիսային միջանցքին այլընտրանք հանդիսացող Միջին միջանցքի համար նոր հնարավորություններ են ստեղծել։ Հին աշխարհի ամենակարևոր ուղու՝ «Մետաքսի ճանապարհի» վերաակտիվացումը, թուրք նախարարի կարծիքով, ավելի կմիավորի թյուրքական աշխարհը:

Կարևոր է արձանագրել նաև, որ հուլիսի 18-ին Բաքվում ԵՄ և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան էլ ավելի ինտենսիվ կերպով են քննարկում էներգետիկ համագործակցությունը, Անկարայում համոզված են, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են վճռորոշ դեր խաղալ ռուսական էներգառեսուրսներից, մասնավորապես, գազից ԵՄ կախվածությունը վերացնելու գործում։ Ի դեպ՝ ԵՄ համար ռուսական էներգակիրներին այլընտրանք համարվող Բաքուն դեպի Եվրոպա արտահանումներն իրականացնում է հենց Թուրքիայի տարածքով։

Այս ամենն ուղեկցվում է Հվ. Կովկասի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրության աճով՝ վերջին ամիսների ընթացքում էապես հաճախակիացել են ամերիկացի պաշտոնյաների զանգերն ու այցերը Հայաստան, ի դեպ, ամենաբարձր մակարդակով: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախօրեին Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ռազմական սադրանքների ու հրադադարի ռեժիմի խախտումների ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը զանգահարել է Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին այն դեպքում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։

Միանշանակ է, որ իրավիճակը բարդ է՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ պայթյունավտանգ հատկապես ամերիկաչինական հարթությունում, քանի որ Չինաստանը շատ ծանր է ընդունում Փելոսիի այցը Թայվան, որի պատճառով ռազմական նախապատրաստությունների է դիմում, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ամերիկաչինական հարաբերությունների համար սա աննախադեպ իրադարձություն ու մարտահրավեր է Չինաստանի համար: Այս համատեքստում հատկապես բարդ է իրավիճակն ավելի թույլ «կետերի» համար, ինչպիսիք են՝ Եվրոպան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, որտեղ իրավիճակները չափազանց դինամիկ ընթացքով են զարգանում:

Ներկայումս ընթացող ռուս-թուրքական բանակցություններում, լավ թե վատ, ՌԴ-ին հաջողվում է թուրքական քաղաքականությունը կառավարել։ Ըստ էության, պատերազմական սցենարի փուլ է աշխարհում, բոլորը փորձում են և փորձելու են ձևավորվող աշխարհում իրենց նոր դիրքերը գտնել, Թուրքիան Ադրբեջանի հետ ակտիվ աշխատում է թյուրքական ծրագրերի և Մեծ Թուրանի ծրագրի իրագործման ուղղությամբ, որը ներկայումս իր «կառուցման» ամենաակտիվ փուլում է: Բոլոր ժամանակներում այդ երազանքը կյանքի կոչելու  ճանապարհին Հայաստանը մշտապես խոչընդոտ է դիտարկվել, և հետպատերազմյան շրջանը նրանց համար բացառիկ հնարավորություն է՝ չեզոքացնել այդ վտանգը: Ադրբեջանն իր էներգակիրների միջոցով կարողացել էր դառնալ Թուրքիայի համար արժեքավոր գործընկեր, Ադրբեջանի կշիռը փոխվել է նաև Եվրոպայի համար, և, ինչպես տեսնում ենք, հատկապես պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանն իրեն դիրքավորում է՝ որպես տարածաշրջանային տերություն՝ փորձելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակության քաղաքական ու էներգետիկ պրոյեկտներ իրականացնել:

Ի դեպ՝ կարևոր է փաստել, որ Ադրբեջանը որևէ ուղղությամբ իր որևէ նպատակ չի դիտարկում՝ զիջման ենթակա, և ավելի է ամրապնդում իր քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ համատեղ ակտիվ աշխատում են Ղազախստանի ու թյուրքական այլ երկրների հետ սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ այնտեղ փորձելով նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, թեև դա այդքան հեշտ ու միանշանակ խնդիր չէ: Բնականաբար, Հայաստանի ու Արցախի ուղղությամբ ևս Ադրբեջանն իր նպատակներից ետ չի կանգնում և ամեն կերպ, ամեն միջոցի գործադրմամբ փորձում է հասնել իր համար սկզբունքային հանգրվանների: Լարվածությունն ունի հենց այդ նպատակը՝ վերացնել հայկական հարցը՝ ընդհանրապես իր բաղադրիչներով, կապվել Թուրքիային ու շարունակել Թուրանի կերտումը:

Արմեն Հովասափյան