Ինչպես հայտնի
է, օրերս Երևանում էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Տոյվո Կլաարը: Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ նա հանդիպել էր
Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Նշվում է, որ Փաշինյան-Կլաար
հանդիպմանն անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի։ Մասնավորապես՝ Հարավային
Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին,
խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: «Մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի
միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների
իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում
հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության
հետևողական ուշադրությունը: Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման գործընթացին»:
Այս հաղորդագրություններին
զուգահեռ իր հերթին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը նույնպես հաղորդագրություն էր տարածել,
ըստ որի՝ հանդիպումների կիզակետում են եղել մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝
հաշտեցման ջանքերը, հումանիտար, տնտեսական և սահմանային հիմնահարցերը, ինչպես նաև Հայաստանի
և Ադրբեջանի միջև ապագայում հնարավոր խաղաղության համաձայնագիրը, որոնք «բրյուսելյան
ձևաչափի» շրջանակում քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական
խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։
Նախօրեին, արդեն,
հայտնի դարձավ, որ Կլաարը մեկնել է Բաքու։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության՝
Կլաար-Ալիև հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի
միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը: Հավելենք, որ բրյուսելյան հարթակի
շրջանակում Փաշինյան-Միշել-Ալիև վերջին հանդիպումը կայացել էր մայիսի 22-ին Բրյուսելում,
իսկ ավելի վաղ՝ ապրիլի 6-ին:
Ըստ էության, Կլաարի
գլխավոր նպատակն է փորձ անել պահպանել և «փրկել» բրյուսելյան գործընթացի դինամիկան մի
մթնոլորտում, երբ ձևավորվել է լարվածություն ու աշխարհաքաղաքական մրցակցություն
նաև Հարավային Կովկասում: Ընթացիկ զարգացումներից ու փոխադարձ հնչող հռետորաբանությունից
նկատվում է, որ գործընթացը տուժում է, բացի դրանից առկա է նաև արտաքին՝ Ռուսաստան-Արևմուտք
շատ մեծ ճնշում:
Հստակ կարող ենք
արձանագրել, որ սովորաբար ԵՄ հատուկ ներկայացուցիչները նմանօրինակ այցերով փորձում
են կազմակերպել բարձրաստիճան հանդիպումներ՝ համաձայնեցնելով կողմերի միջև դրանց օրակարգերը:
Ըստ էության՝ Կլաարը ներկայումս ԵՄ-ի կողմից ՄԽ համանախագահի ավանդական դերակատարությունն
է ստանձնել:
Այնուհանդերձ
հատկանշական է մի առանցքային հանգամանք, որն արժանի է ուշադրության․ փաստացի
ունենք մի իրավիճակ, երբ կողմերից յուրաքանչյուրը պաշտոնական հաղորդագրություններում
իր օրակարգն է առաջ մղել: Հայկական կողմը, որպես իր համար կարևոր իրողություն, առաջ է
տարել Սոչիի ու Բրյուսելի համաձայնությունները, իսկ Ադրբեջանը՝ այսպես կոչված «խաղաղության
համաձայնագիրը», քանի որ ցանկանում է օր առաջ կնքել այդ համաձայնագիրը:
Չի
բացառվում, որ առաջիկայում կկազմակերպվի նախկինում, կրկին բրյուսելյան հարթակի շրջանակում, ծրագրված ու չեղարկված հանդիպում, կամ միանգամից բարձրաստիճան հանդիպում (Փաշինյան-Ալիև):
Չնայած՝ ընդհանուր առմամբ կողմերը ոչ մի էական համաձայնություն որևէ ուղղությամբ չունեն՝
այդ թվում սահմանազատման և ԼՂ հակամարտության հարցի հետ կապված:
Արմեն Հովասափյան









